Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայ մարզիկ Ա․Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։

Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, 1979 թ․-ին ծնված Ա․Բոլյանի դին հայտնաբերվել է ս/թ․ նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի հարավ-արեւմուտքում (Նախիմովսկի պողոտա 59 հասցեում):

ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ։

Ա․Բոլյանը ՀՀ քաղաքացի է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում։

Երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի  իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում եւ գլխին, ու դիմել փախուստի:

Մոսկվայում սպանվել է թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը