Աղետի գոտու տնակային ավաններում ապրողների նկատմամբ պետության որեւէ պարտավորություն դե յուրե արձանագրված չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս պայմաններում իրենք պետք է գնան եւ ստեղծեն յուրաքանչյուր տնակի պատմություն. «Այսինքն պետք է հասկանանք, թե ինչու այդ տնակն այդտեղ գոյություն ունի: Որովհետեւ կան դեպքեր, որ մարդը պետությունից ստացել է բնակարան, բայց որոշել է, որ այդ տնակը էդտեղ պետք է մնա:

Եթե պարզվի, որ կան քաղաքացիներ, որոնք նկատմամբ պետության պարտավորությունը պետք է ֆիքսված լիներ, բայց չի ֆիքսվել, դա շտկենք: Մեր խնդիրը պետք է լինի լուծել Գյումրի քաղաքի բնականոն զարգացումը, որը Շիրակի մարզում աղքատության հաղթահարման գործիքն է:

Գիտեք, առաջիկայում Ryan Air-ը չվերթներ է սկսելու Գյումրի, ու Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր: Մեր բոլոր գործողությունները պետք է միտված լինեն Գյումրու ռազմավարական զարգացման հեռանկարին»,-ասաց նա: