Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019 թվականի նոյեմբերի15-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Մեկ այլ որոշմամբ, նույն ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվել մաքսատուրքից:

Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նա նշեց, որ «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին, այն զբաղվում է  ալյուրի արտադրությամբ եւ բեռնափոխադրությամբ։

Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը պլանավորում է ներկրել 200 հատ «ԵՎՐՈ-5» էկոլոգիական դասակարգչին համապատասխանող Եվրոպական ծագման քարշակ բեռնատար ավտոմեքենաներ եւ նույն քանակությամբ բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդիչներ:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2.5 մլրդ դրամի չափով ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։  Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 205-215 նոր աշխատատեղ` 160-170 հազարդրամ միջին աշխատավարձով:

Փոխնախարարի խոսքով,  «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը տեղափոխելու համար (ալյուրի արտադրություն)։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ երկրներից:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ մաքսատուրքից ազատվելու արտոնություն տրվեց «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» ընկերությանը:

Նախարարը նշեց, որ  «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Վարոսյանը տեղեկացրեց, որ եւս մի քանի հարցեր են ընդգրկված կառավարության նիստի օրակարգում, որոնք վերաբերում են հարկային արտոնություններին:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այսօր 12,8 մլրդ դրամի ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացվեցին: