Հայաստանի համար շատ կարեւոր է պատրաստված մասնագետների առկայությունը: Տնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը պահանջում է համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան տիրապետել նոր միտումներին: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ տվյալ նպատակին հասնելու 2 միջոց կա: Առաջինը տեղացի մասնագետներին պատրաստելն է, երկրորդը՝ արտասահմանցի մասնագետների ներգրավումը: «Մենք կարծում ենք, որ այդ հարցը պետք է կառավարության ուշադրության կենտրոնում լինի: Կլինեն առաջարկներ, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները տեղեկացված են այն տեխնոլոգիաներից, որոնցով աշխատում են զարգացած տնտեսություն ունեցող երկրներում, եւ հետաքրքված են իրենց պատմական հայրենիքում աշխատանքով: Եվ  Հայաստանի կառավարությունը պետք է նպաստի նման մասնագետների ներգրավմանը»,- նշեց նախարարը: