ԱԱԾ–ի հաղորդագրությանը որեւէ բան չեմ կարող ավելացնել, պարզապես, այս եւ նմանատիպ խնդիրները ուշադրության կենտրոնում են։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԱԾ–ի աղմկահարույց բացահայտմանը։

«Այս եւ նմանատիպ խնդիրները ԱԱԾ–ի եւ այլ կառույցների օրակարգում են, որոնք փորձում են հասկանալ, թե խնդիրը որտեղից է եւ ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որպեսզի նման երեւույթներ այլեւս չլինեն։ Դրանք, իսկապես, լուրջ սպառնալիք են մարդկանց անվտանգության համար եւ երեխաների անվտանգության համար: Սպասենք, ԱԱԾ–ն ավելի ուշ մանրամասն կխոսի»,– նշեց Գրիգորյանը։

Նա նաեւ նշեց, որ այս պահին մարդկանց ներքին օրգանների վաճառքի մասին խոսք չկա:

Նշենք, որ ԱԱԾ–ն այսօր հանդես եկավ հայտարարությամբ, որ բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից: