Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մտադիր է զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։

Այս մասին նա ասել է նոյեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ՝ իր փաստաբանների՝ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Մարտիրոսյանի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՍԴ ղեկավարի կողմից իշխանության բռնազավթմանը օժանդակելու եւ կեղծիքի մեջ, 3 շաբաթից ավելի անցկացրել է կալանքի մեջ, որից հետո դատախազությունը որոշել է խափանման միջոցը փոխել՝ նրան ազատելով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի եւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անձնական երաշխավորությամբ:

Խոսելով տեսակցությունների, այդ թվում երեխաների հետ տեսակցության եւ հեռախոսազանգերի արգելքի մասին՝ Արսեն Բաբայանը նշել է, որ ՀՔԾ ղեկավարը դա անվանել է թյուրիմացություն, ինչից հետո երեխաների հետ տեսակցության արգելքը հանվել է։ «Բայց ես հավաստիացնում եմ, որ դա համատարած գործելակերպ է։ Եթե գոյություն ունի տեսակցության արգելք, այն տարածվում է երեխաների հետ տեսակցության վրա։ Դա է պատճառներից մեկը, որ ես մտադիր եմ զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ, հասնել նման գործելակերպից հրաժարման։ Ցանկանում եմ լինել այն մարդկանց կողքին, որոնց հանդեպ ձեռնարկվում են ապօրինի գործողություններ»,- նշել է Արսեն Բաբայանը։

Պատասխանելով իր ազատ արձակման պատճառի մասին հարցին՝ Բաբայանը ենթադրել է, թե քաղաքական իշխանությունը փորձում է փրկել դեմքը։ «Նման անօրինություններն աննախադեպ են Հայաստանի համար։ Օրենքի ոչ մի կետ չի պահպանվում։ Խափանման միջոցը փաստորեն փոխել է դատախազությունը։ Թեեւ իրավիճակը շտկելու համար պետք էր ոչ թե խափանման միջոցը փոխել, այլ կարճել գործը եւ ներողություն խնդրել»,- ասել է Բաբայանը։ Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի օմբուդսմեններին, Ավետիք Իշխանյանին եւ Սիսակ Գաբրիելյանին երաշխավորության համար։

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, որ համապատասխան որոշումն ընդունող անձը պետք է պատասխանատվության ենթարկվի։ «Քաղաքական գործերով ցանկացած որոշում քննարկվում է մի քանի ատյաններում։ Եվ թյուրըմբռնումը չեմ բացառում։ Բայց անգամ եթե թյուրըմբռնում է տեղի ունեցել, պետք է պատասխանատուներ լինեն»,- ավելացրել է փաստաբանը։