Կառավարությունը իր այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որով նախատեսվում սահմանել, որ նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանվում է «օդի հարկը»:

Խոսքը նոր ուղղությունների մասին է, որը վերջին 12 ամիսներին չի սպասարկվել:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվացվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ 11-12 մլրդ դրամ բյուջե մուտք է լինում օդի տուրքի ձեւով. «Բայց կան բոլոր հիմնավորումները, որ այս արտոնությունը տրամադրելու պարագայում ունենալու ենք դրական էֆեկտ՝ հաշվի առնելով այս կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձեւավորմանը եւ առկա շուկաների խթանմանը: Ըստ գնահատման  մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գերազանցվի: Սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին եւ որեւէ մեկին արտոնություն չի տրվում: Սա հնարավորություն է ստեղծում, որ ՀՀ-ում առաջանա մրցակցային մթնոլորտ, որ նոր ուղղություններով չվերթներ ունենանք», -ասաց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կայացվել է քաղաքական որոշում, որ եթե կբացվի վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկված որեւէ նոր ուղղություն որեւէ ավիաընկերության կողմից, կառավարության կողմից օդի տուրքը այդ ուղղությունների համար կհանվի: Այդ որոշման արդյունքում մենք այս պահին ունենք մեկ ավիաընկերություն, որը կայացրել է որոշումներ Երեւան եւ Գյումրի չվերթներ իրականացնելու:

Եղան քննարկումներ, որ այ տեսեք, «Ռայան Էյր»-ին տալիս են արտոնություն: Իրականում, արտոնությունը վերաբերում է բոլորին, մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրում ենք գալ եւ այս նույն պայմաններից օգտվել:

Սա ազդեցություն է ունենալոի ավիատոմսերի գնագոյացման եւ ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով.,-ասաց նա:

Քաղավիացիայի վարչության ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն էլ տեղեկացրեց, որ ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը եւս որոշել է բացել նոր չվերթ դեպի Կալուգա, թռիչքները կսկսի դեպտեմբերի կեսից: ««Էյր Բալթիկ»-ը եւս նոր ուղղություն է բացում: Ընդհանուր առմամբ 8  հաստատված նոր ուղղություններ ունենք, բայց նախատեսում ենք, որ 10-ից ավելի կլինեն մինչեւ ամառային սեզոնի բացվելը»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ տեղական ընկերություններից եւս հետաքրքրություն կա 10 նոր ուղղությունների մասով:

«Եթե այդ ամենն իրականություն դառնա, դա կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն»,-ամփոփեց վարչապետը: