Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես կառույց, որն ունի տնտեսական զարգացման ընդհանուր ռազմավարություն եւ գրավիչ է արտաքին խաղացողների համար: Այս մասին նշված է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի ուղերձում՝ հղված «ԵՏՄ. փորձ, խնդիրներ, զարգացման եւ անվտանգության առաջնահերթություններ (կազմավորման 5-ամյակին ընդառաջ)» թեմայով I Եվրասիական վերլուծական համաժողովի մասնակիցներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ողջույնի տեքստն ընթերցել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը:

«ԵՏՄ գործունեության արդյունքները տպավորիչ են. այս մասին առաջին հերթին վկայում է ինչպես Միության ներսում երկրների միջեւ աճող ապրանքաշրջանառությունը, այնպես էլ արտաքին պետությունների եւ տնտեսական միավորումների հետ: Ընդհանուր առմամբ, ԵՏՄ-ն կայացել է որպես կառույց, որն ունի տնեսական զարգացման ընդհանուր ռազմավարություն եւ գրավիչ է արտաքին տնտեսական խաղացողների համար»,- նշել է Պատրուշեւը:

ԱԽ քարտուղարը շեշտել է, որ ԵՏՄ անդամ երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերների, որոնց թվում են՝ ապրանքային եւ աշխարհագրական շուկաների համար համաշխարհային մրցակցության սաստկացումը, կայուն տնտեսական աճ ապահովելու համար տեխնոլոգիական զարգացման ոչ բավարար բարձր մակարդակը, ներքին սոցիալ-ժողովրդագրական խնդիրները: «Եվ այսօր արդի մարտահրավերները եւ սպառնալիքները հաշվի առնելով՝ մենք պետք է կատարելագործենք փոխգործակցության մեխանիզմները, խորացնենք համագործակցությունը եւ հաջողությամբ ներդրվենք գլոբալ առեւտրատնտեսական ճարտարապետությանը՝ որպես համաշխարհային տնտեսության մրցունակ կենտրոն»,- ընդգծել է նա: