Կառավարության շենքի դիմաց տեղի է ունեցել Ադրբեջանից փախստականների բողոքի ակցիան: Վերջիններս երկրի իշխանություններին կոչ են անում լուծել բնակարանային խնդիրը: Ակցիան կազմակերպվել է «Փախստականի ձայն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Փախստականներ Ադրբեջանից», «Սպասում ենք նախագծի հաստատմանը»:

NEWS.am-ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Օքսաննա Մուսայելյանը նշեց, որ ավելի վաղ Միգրացիոն ծառայությունը պատրաստել է կառավարության որոշման նախագիծը:

Նախագիծը ենթադրում է 900 ընտանիքների համար կարեւոր խնդրի լուծում: Խնդիրը ծրագրվում է լուծել 3 փուլով: Առաջին փուլում բնակարանով կապահովվեն 112 ընտանիքներ, որոնք բնակվում են «Նաիրի», «Սեբաստիա» հյուրանոցներում եւ Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող հանրակացարանում: Նախագծի համաձայն՝ ընտանիքներին վկայականներ կտրամադրվեն, պայմանները նկարագրված կլինեն փաստաթղթում:

«Խնդիրն այն է, որ որոշման նախագծում աշխատանքների սկիզբը նշվախ է 2019 թվականը: Մինչեւ տարեվերջ շատ քիչ ժամանակ է մնացել, եւ կառավարությունը դեռեւս չի հաստատել փաստաթուղթը: Մենք մտավախություն ունենք, որ կառավարությունը չի հաստատի այն, եւ այդ ժամանակ քաղաքական անտեսումն ու փախստականների խնդիրները լռության մատնելը կշարունակվի, ինչպես եւ նախորդ տարիներին: Մեր ակցիայով մենք փորձում ենք կառավարության ուշադրությունը գրավել փախստականների խնդրի վրա»,- նշեց Օքսաննա Մուսայելյանը:

Նրա խոսքով՝ հերթում առաջինը նշված են «Նաիրիում» եւ «Սեբաստիայում» բնակվող փախստականները մի շատ կարեւոր պատճառով՝ շենքերը, պարզվում է, սեփականատեր ունեն: Անցյալում իշխանությունները ինչ-որ կերպ կարողացել են շենքերը վաճառել, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ փախստականներն են  բնակվում: Իսկ բնակվում են անչափ վատ պայմաններում՝ ամբողջ ընտանիքով 11 քառ.մետրի վրա, սենյակները խոնավ են, ձմեռ թե ամառ ջուրը օրական մեկ ժամ են տալիս: Փոխարենը, որպեսզի սեփականատերը փախստականներին թույլ տա հետագայում եւս այդտեղ պատսպարվել, կառավարությունը կանոնավոր կերպով նրան տարեկան 9-ական մլն է փոխանցում: Ըստ որոշ տեղեկությունների՝ շենքերի տերը անմիջական կապ ունի միգրացիայի գործակալության նախկին պետի հետ, նշեց ՀԿ նախագահը:

«30 տարի փախստականներն ապրում են անմարդկային պայմաններում: Բայց շատերի համար սա անգամ կացարանի, գույքի խնդիր չէ, այլ պաշտպանվածության խնդիր: Կառավարությունը պետք է պաշտպանի քաղաքացիներին»,- եզրափակեց Օքսանա Մուսայելյանը: