Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն հինգշաբթի սկսել է Աստվածներին նվիրատվությունների մատուցման բազմաժամյա արարողությունը, որը վերջինն է ծիսակարգերի շարքում՝ կապված նրա գահակալման հետ։ Ինչպես տեղեկացրել է Կայսերական պալատի վարչությունը, արարողությունը կավարտվի ուրբաթ, մոտավորապես ժամը 03.00-ին։ Արարողությանը մասնակցում է 670 հյուր, ներառյալ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ նրա կառավարության անդամները, խորհրդարանի երկու պալատների եւ Գերագույն դատարանի ղեկավարները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրանք բոլորը առանձին շենքում են եւ արարողությունը չեն տեսնելու։ Դրան մասնակցելու համար 59-ամյա Նարուհիտոն հայտնվել է ձյունաճերմակ մետաքսե զգեստով, ինչպես վաղ միջնադարում։ Արարողության ընթացքում նա ոտքը կդնի հատուկ իր ճանապարհին փռված կտավին, ինչը խորհրդանշաբար միապետին պետք է պաշտպանի երկրային ապականությունից։

Ծեսերի անցկացման համար  կայսերական պալատի համալիրի արեւելյան մասում հատուկ կառուցվել են տարբեր մեծության մոտ 40 շինություններ։ Դրանք բոլորը կառուցվել են հին ճապոնական կանոններով, հնարավորինս առանց մայրցամաքի փոքրագույն ազդեցության։ Այդ քաղաքի գլխավոր դարպասները կառուցված են չհղկված փայտից, իսկ ծեսերի համար օգտագործվել է կոպիտ այրված կավե ամանեղեն՝ ստեղծված ըստ նախնադարյան նմուշների։

Արարողության գլխավոր մասը տեղի կունենա երկու տաղավարներում, որոնք խորհրդանշում են Ճապոնիայի արեւելքը եւ արեւմուտքը։ Այստեղ են բերվել բրինձ, կորեկ, բանջարեղեններ, մրգեր եւ ծովամթերքներ երկրի բոլոր 47 պրեֆեկտուրաներից։ Դրանք Նարուհիտոն կմատուցի ազգային սինտո կրոնի աստվածներին եւ, առաջին հերթին, Արեւի գերագույն աստվածուհի Ամատերասային, որը համարվում է կայսերական դինաստիայի առասպելական նախամայրը։ Այնուհետեւ նա խորհրդանշականորեն նրա հետ սեղան կկիսի, ինչը, ըստ հնագույն կանոնների, աստվածային էությամբ կօժտի նաեւ իրեն՝ միապետին։ Ի դեպ, արարողության այս մեկնությունը պաշտոնապես մերժվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Տոկիոյի կապիտուլյացիայից հետո։ Մասնավորապես, 1990 թվականին Կայսերական պալատի վարչությունը հատկապես ընդգծել է, որ միապետը աստվածային էություն չունի։

Արարողության անցկացման համար կառավարությունը պետբյուջեից հատկացրել է 2,4 մլրդ իեն (ավելի քան 22 մլն դոլար)։  Դա առաջացրել է հասարակության մի հատվածի դժգոհությունը, որը կարծում է, թե նման ծախսերը խախտում են պետությունից կրոնի բաժանման սահմանադրական սկզբունքը։ Այս առնչությամբ կառավարության դեմ արդեն պատրաստվում է, ըստ ԶԼՄ-ների տվյալների, քաղաքացիական դատական հայց։

Նարուհիտոն գահ է բարձրացել այս տարվա մայիսի 1-ին այն բանից հետո, երբ նրա 84-ամյա հայրը՝ Ակիհիտոն, ինքնակամ հանգստի անցավ տարիքի պատճառով։ Հոկտեմբերի 22-ին Տոկիոյում տեղի ունեցավ երկրին եւ աշխարհին նոր կայսերը ներկայանալու արարողությունը, որին հրավիրված էին օտարերկրյա բազմաթիվ հյուրեր։ Այնուհետեւ, նոյեմբերի 10-ին, կայսր Նարուհիտոն եւ նրա կինը՝ կայսրուհի Միտիկոն, բաց լիմուզինով հատուկ շարասյունով անցան Ճապոնիայի մայրաքաղաքի փողոցներով։ Նրանց ողջունել են քաղաքի ավելի քան 120 հազար բնակիչ եւ զբոսաշրջիկներ։