Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Երեւանում գտնվող ԵԱՀԿ պատվիրակության եւ Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի ներկայացուցիչներին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ կառավարության եւ արդարադատության նախախարության ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին` ոստիկանության շտաբի պետը կարեւորեց ԵԱՀԿ եւ Եվրոպական միության հետ ձեւավորված փոխգործակցության բարձր մակարդակը` հույս հայտնելով, որ համագործակցությունն ավելի կամրապնդվի ու կզարգանա: Արմեն Ղուկասյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրականից մինչեւ կառուցվածքային փոփոխությունները, հանգամանալից անդրադարձավ առաջիկայում նախատեսվող շարժական պարեկային ծառայության կազմավորման, օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրման ուղղությամբ արդեն իսկ կատարված եւ առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:

Պատվիակության ներկայացուցիչները, կարեւորելով ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային եւ իրավական բնույթի փոփոխությունները` պատրաստակամություն հայտնեցին շարունակել աջակցությունը բարեփոխումների գործընթացին` Եվրոպական միության անդամ երկրների լավագույն փորձի կիրառմամբ:

Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում անչափ կարեւոր է փորձի փոխանակումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: