Հայաստանում ստանդարտացման նկատմամբ բիզնեսի հետաքրքրությունն աճել է, ինչը դրսեւորվում է նրանով, որ այս տարի 4 անգամ ավելի շատ վկայական է տրվել: Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը:

Նա նկատեց, որ Հայաստանը որպես ԵՏՄ անդամ ստանձնել է որակի պահանջների իրականացման պարտավորությունները: «ԵՏՄ շրջանակում ներկայումս ընդգծվել է 66 ապրանքատեսակ, որոնց նկատմամբ պետք է սահմանվեն տեխնիկական կանոնակարգեր: ներկայումս ԵՏՄ երկրներում գործում է 47 տեխնիկական կանոնակարգ, որոնցից 41-ն արդեն ուժի մեջ են մտել: Դրանք ծածկում են առեւտրի մոտ 85 տոկոսը: Սակայն միջպետական ստանդարտների բացակայության դեպքում յուրաքանչյուր երկիր ձգտում է պաշտպանել սեփական շահերը, այդ պատճառով Հայաստանը պետք է աշխատի նաեւ այդ ուղղությամբ»,- հավելեց նա:

Նա նշեց, որ այս տարի 10 ամսվա ընթացքում գինու արտահանումը կազմել է ավելի քան 280 հազար շիշ, այն դեպքում, երբ անցած տարի արտահանվել է ավելի քան 220 հազարը: «Մենք վկայականներ ենք տրամադրում, որոնք պարտադիր են ԵՄ-ում գինու արտահանման համար, եւ մինչ այս ոչ մի անհամապատասխանություն չի գրանցվել»,- պարզաբանեց նա:

Ալբերտ Բաբայանի խոսքով՝ Հայաստանում տասնյակ տարիներ չեն ստանդարտացվել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ նավթամթերքի արտահանում, քարի արտադրություն: Խնդիրն այդ աշխատանքներում բիզնեսի ներգրավումն է, ինչն ակտուալ է հատկապես ալկոհոլային արտադրանքի շուկայի մասնակիցների համար՝ հաշվի առնելով այն, որ 2021 թվականին ուժի մեջ է մտնում «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» ԵՏՄ կանոնակարգը:

Ինչպես նշեց Բաբայանը, Համաշխարհային բանկի աջակցությամբ կիրականացվի արդիկանացման ծրագիր, ինչի շնորհիվ Հայաստանում ծրագրվում է համապատասխանեցնել լաբորատորիաները միջազգային ստանդարտներին, որպեսզի անհրաժեշտություն չլինի հավելյալ պրոցեդուրաներ անցկացնել արտասահմանում: