Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուլաշենկոն հայտարարել է, որ բելառուսները ռուսների համար «ոտքերին ծանրաքար չեն» եւ ոչ էլ «ձրիակեր», հիշեցրել է, որ հանրապետությունը կատարում է Ռուսաստանի հետ Միութենական պետության արտաքին սահմանների պաշտպանության  գործառույթները, եւ դա էժան չէ:

Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Լուկաշենկոն այս հայտարարությունը կատարել է հինգշաբթի՝ ընդունելով երկրի ԱԽ պետքարտուղար Ստանիսլավ Զասի եւ Պետական սահմանապահ կոմիտեի նախագահ Անատելի Լապպոյի զեկույցը: Բելառուսի նախագահը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, որ Բելառուսի եւ ՌԴ սահմանապահների միջեւ խնդիրներ չկան, զինվորականների եւ տրանսպորտի աշխատողների միջեւ եւս ամեն ինչ հարթ է, բայց երբ բոլոր հարցերը բարձրացվում են կառավարական մակարդակ, հանկարծ «հարցերի կույտ» է առաջանում:

«Որպես արդյունք՝ մեզ մշտապես կշտամբում են. «Մենք հազիվ ենք պահում Բելառուսը: Այն կավերվի, եթե մենք դոտացիա չտրամադրենք, չպահենք»: Անհրաժեշտ է հաշվել, թե մեզ վրա որքան է արժենում համատեղ սահմանի պաշտպանությունը: Նրանց հիշեցնել հակաօդային պաշտպանության մասին. նրանք երկար ժամանակ ինձ խնդրում էին, որ մենք այն համատեղ անենք: Բալթիկից մինչեւ Սեւ ծով մենք այսօր աշպխատում ենք Ռուսաստանի Դաշնության համար: Սա նույնպես փող արժե, եւ ոչ միայն փող: Եվ մենք, միեւնույն է, ձրիակեր ենք»,- ասել է Լուկաշենկոն:

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Մինսկն ու Մոսկվան ինտեգրացիայի խորացման բանակցություններ են վարում: Նրա խոսքով՝ առաջացած բոլոր հարցերը պետք է «ի մի բերել, դնել սեղանին եւ ցույց տալ՝ ավագ եղբայր ռուսներ, նայեք, թե ձեզ ինչ ծառայություններ ենք մատուցում, եւ սա էժան չէ»:

Լուկաշենկոն նաեւ նշել է, որ Մինսկը վերջերս իր փողով Մոսկվայից Սու-30ՍՄ օդանավեր է գնել, բայց ուշադրություն է դարձել, որ Բելառուսն այդ թվում կատարում է այս ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության, այդ երկրի ժողովրդի պաշտպանության գործառույթները: «Դե իսկ ինչո՞ւ մեզ չօգնել: Ինչո՞ւ չմատակարարել ժամանակակից զենք: Մենք կարողանում ենք դրանից օգտվել ոչ ավելի վատ, քան ռուսները, բայց դրա համար վիթխարի փող ենք վճարում: Ես նկատի չունեմ, որ մենք չենք կատարի մեր գործառույթները: Ես նկատի ունեմ, որ չի կարելի լրատվամիջոցներում բարբաջել եւ անգամ արդեն պետական մակարդակով, որ բելառուսները ծանրաքար են ոտքերին»,-  հայտարարել է բելառուս առաջնորդը:

Նրա կարծիքով՝ ռուս հանրությունը պետք է իմանա եւ հասկանա, որ «ոչ մի բելառուսցի ձրիակեր չէ, որ Բելառուսում ռուս մարդը, ռուսաստանցին ավելի վատ չի զգում, քան Ռուսաստանում» եւ նույնիսկ «ավելի լավ է զգում, քան Ռուսաստանում»:

«Այս պատճառով, եթե ռուսական ղեկավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ գործել, ապա եկեք նրանց հետ մեր սահմանների պաշտպանության նոր պայմանագիր կնքենք: Եթե ռուսները դա չեն ուզում, ապա մենք պետք է պատրաստ լինենք, ինչպես եւ աշխատում ենք հիմա, գործելու՝ մեր շահերը պաշտպանելով Բելառուսի Հանրապետության անունից, միայնակ: Այս բոլոր հարցերը պետք է հրապարակային լինեն, ազնիվ եւ քննարկվեն Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ, տվյալ դեպքում՝ սահմանապահ գերատեսչության հետ»,- հավելել է Լուկաշենկոն: