ԱՄՆ նախկին նախագահ 95-ամյա Ջիմի Քարթերը, որը ներգանգային ճնշումն իջեցնելու վիրահատության էր ենթարկվել, այժմ լավ է իրեն զգում եւ արդեն քայլում է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի -ն՝ հղում անելով Atlanta Journal-Constitution-ին:

Այս մասին հայտնել է նախկին նախագահի ընտանիքի քահանան:

«Նա լավ տրամադրություն ունի, արդեն վեր է կենում եւ քայլում»,- ասել է քահանա Թոնի Լոուդենը:

Ավելի վաղ Քարթերի կենտրոնը հայտնել է, որ նախկին նախագահը հաջողությամբ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրա է անցել: Վերջին մեկ տարվա ընթացքում Քարթերին հոսպիտալացրել էին կողոսկրի կոտրվածքով։ Նա նաեւ կոտրել էր ազդրի վզիկը, որի պատճառով նրան վիրահատել էին։

Քարթերն ԱՄՆ նախագահն է եղել 1977-1981 թվականներին: Նա ԱՄՆ բոլոր նախկին նախագահներից ամենատարեցն է: Վերջին տարիներին Քարթերը բուժվել է ուղեղի քաղցկեղից: