2020 թվականին ՀՀ կառավարության մակրոտնտեսական կանխատեսումները բավական մոտ են Կենտրոնական բանկի կանխատեսումներին: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ դեպի ավելի արտադրողական սեկտորներ տնտեսական կառուցվածքի փոփոխությանն ուղղված քայլերը կշարունակվեն: «Երկու սեկտորների համեմատաբար բարձր աճի պատճառով 2020-ին կանխատեսվում է 4,9% տոկոս աճ»,- պարզաբանեց Ջավադյանը:

Նա նշեց, որ սպառման իրական աճը պայմանավորված կլինի բացառապես մասնավոր սպառման աճով: Նա հավելեց, որ ներդրումների իրական աճը պայմանավորված կլինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի ներդրումային գործունեությամբ:

Ընդ որում, ԿԲ նախագահի կարծիքով, hաշվի առնելով արտահանման ոլորտներում արտադրողականության աճը, արտահանումը կգերազանցի իրական ներմուծումը, իսկ այս տարվա համար նախատեսվող բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ 2,6%: