Հայաստանի մի քանի քրեակատարողական հիմնարկների աշխատողներ բողոքում են, որ իրենց անհիմն ազատել են աշխատանքից: Այդ որոշման դեմ իրենց բողոքը հայտնելու համար նրանք այսօր՝ նոյեմբերի 14-ին, եկել էին կառավարության շենքի մոտ:

«Մենք իրավունք ունեինք մինչեւ 55 տարեկան աշխատել, այդ հրամանով էինք ընդունվել, սակայն անհիմն մեզ ամսի 1-ով մեզ ազատել են աշխատանքից: Հոկտեմբերի 30-ին ես գնացել էի գործի, 31-ին սմենը հանձնել, եկել եմ տուն, երեկոյան զանգել են ասել՝ վկայականը բեր, տուր, դու ազատված ես քրեակատարողական ծառայությունից: Երկու ամիս առաջ մեզ պետք է տեղյակ պահեին, բայց մեկ օրում մեզ ազատել են՝ ասելով 50 տարին լրացել է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց 53-ամյա Գագիկ Գրիգորյանը որը 10 տարուց ավել է՝ աշխատում է «Արմավիր» ՔԿ-ի պահպանության ապահովման բաժնում: Նրա խոսքով՝ աշխատանքային փորձի անբավարար լինելը ազդում է իրենց թոշակի վրա. «Թող հետ ընդունեն մեզ, ստաժը լրացնենք, անցնենք թոշակի»:

Բողոքողները նշեցին, որ նման կերպ մի քանի տասնյակ աշխատակից է ազատ արձակվել տարբեր քրեակատարողական հիմնարկներից, դրա դեմ բարձրացրած իրենց բողոքից տեղյակ են արդարադատության նախարարությունում, մինչեւ անգամ անձամբ վարչապետը, սակայն դրա լուծումը դեռ առկախ է մնում: 

«Արդարադատութան նախարարի խոսնակի հետ եմ խոսել, ինձ ասում է՝ կզանգենք ձեզ երկուշաբթի, կասենք: Ինչի մենք ժողովրդական երգիչ նախագծի՞ն ենք մասնակցում, որ պիտի իմանանք կիսաեզրափակիչ դուրս ենք եկել, թե չէ»,- նշեց բողոքող տղամարդը:

ՔԿՀ-ների նախկին աշխատակիցները կառավարության շենքի առջեւ էին վարչապետին տեսնելու հույսով: