Կան գործիքներ պատգամավորների կողմից տարբեր հայտարարությունները զսպելու համար. կա էթիկայի հանձնաժողովի գործիքը, ձայնից զրկելու գործիքը, բայց ամենամեծ գործիքը հասարակական պարսավանքը պետք է լինի: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Եկեք մի պահ մոռանանք քաղաքականությունից, «Իմ քայլ», ընդդիմություն, մենք իրականում ի՞նչ հասարակություն ենք ուզում կառուցել: Մենք ուզում ենք մնալ այդ գողականության, գողական «պանյատների», մնոջ անունը 18 տարեկանում դնելու կոչերի դաշտո՞ւմ: Ինչ-որ մի անհեթեթ   շրջափուլ ենք մտել, երբ մեզ անընդհատ փորձում են ներքաշել անհեթեթ խոսակցությունների մեջ: Ինձ թվում է, որ մենք պետք է կտրուկ մերժենք այս դիսկուրսը, այս խոսույթը եւ բոլորին ցույց տանք, որ մեզ հեշտ չի ներքաշել այդ դաշտ»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նա խոստովանեց, որ իրենց շարքերում էլ կան պահպանողական հոգեկերտվածքով մարդիկ. «Իսկ ո՞վ ասաց, որ ես ավանդապահ չեմ կամ պահպանողական բազմաթիվ հարցերում: Հիմա պետք է խոսենք այն մասին, թե ինչ է ավանդույթը եւ դրանցից որն է լավ պահել, որն է սպառել իրեն եւ պետք է չլինի:

Պետք է հասկանանք, թե մեր ավանդույթներից որնէ  քրիստոնեական, որն է իսկապես հայկական, որն է մեր կենցաղ մտել որեւէ իսլամական տիրապետության պատճառով, որ ավանդույթն է հայկական, որը մոնղոլական կամ արաբական: Մենք մեր կենցաղում ու մտքերում ունենք ավանդույթներ, որոնք ամենեւին էլ հայկական չեն: Օրինակ, կնոջ դերի ցածրացումը կամ զանազան իրավիճակներում կնոջ նվազտացումը կամ կնոջ նկատմամբ բռնության իրավունքը: Ես խորապես վստահ եմ, որ սա ընդհանրապես հայկականության հետ կապ չունի եւ ներմուծված է դրսից:

Ընկերներից մեկը ֆեյսբուքում միտք էր գրել, որ ավանդույթը կրակի փոխաննցումն է, ոչ թե մոխրին երկրպագելը: Ի վերջո, եթե ոչինչ չփոխվեր աշխարհում, մենք բոլորս կշարունակեինք քարանձավում ապրել: Զարգացումն ու ավանդությունը չպետք է հակասության մեջ լինեն, ալի խպետք է սինխրոնիզացվեն»,-ընդգծեց նա: