Ռուսաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Սիրիայում հայ հոգեւորականների սպանությունը։ «Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ Սիրիայի հայ համայնքին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքերով, Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններում շարունակվող ահաբեկչությունները եւ բռնությունները քրիտոնյաների հանդեպ, անկասկած, տարակուսանք են առաջացնում։ «Այդ դաժան հանցագործությունները վկայում են այն մասին, որ այդ տարածքներում շարունակում են իրենց արտոնյալ զգալ ահաբեկչական կազմակերպությունները, որոնք դեռեւս ոչնչացված չեն եւ որոնց դեմ անհրաժեշտ է իրապես պայքարել, ոչ թե պայքարի մասին զրույցներ անել, ինչի մասին մենք անվերջ լսում ենք մեր արեւմտյան գործընկերներից, որոնք տարբեր պատճառներով գոռգոռում են եւ մի բան էլ արդարացնում են հանցագործությունները»,- ասել է նա։

Զախարովան նշել է, թե Մոսկվան վստահ է, որ Սիրիայում ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը վերջ տալ կարելի է միայն այն պայմաններում, երբ ՍԱՀ օրինական կառավարությունը վերահսկի երկրի ամբողջ տարածքը՝ ապահովելով նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը եւ խաղաղ, արժանապատիվ կյանքը բոլոր սիրիացիների համար՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից։