Կառավարությունը պոտենցիալ ներդրումային ներգրավման առնվազն երկու տարբերակ է դիտարկում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի տարբերակն այն է, երբ պոտենցիալ ներդրողն ունի կոնկրետ ծրագիր, և այդ կոնկրետ ծրագիրն ուզում է իրականացնել երկրում, երկրորդ տարբերակն այն է, որ պոտենցիալ ներդրողն ունի ներդրում անելու ցանկություն, և ներդրում իրականացնելու տեղ է փնտրում։ Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ լուծել ենք այդ խնդիրը, բայց գնում ենք այդ երկու ուղղությամբ։ Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամն է ստեղծվել, որի նպատակը հետևյալն է՝ տեղորոշել հնարավոր ներդրումային ծրագրերը, դրանք փաթեթավորել, դիզայն անել, և պատրաստի ունենալ որպես ներդրումային առաջարկ։ Մի դեպքում սեփական նախաձեռնությամբ գնալ և փորձել այդ ծրագրերի համար գտնել ներդրողներ, և երկրորդ տարբերակն էլ` ներդրողներին առաջարկել այդ հնարավոր տարբերակներից որևէ մեկը։ Երկրորդ պարագան էլ, երբ գործ ունենք կոնկրետ ծրագրի հետ, այդ ծրագրերով մեր պատկերացմամբ առնվազն մի մակարդակ պետք է զբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը, որտեղ հատուկ այդ նպատակի համար ստեղծվում է կառույց, որի աշխատանքի արդյունավետությունը պետք է բարձրացվի։ Մարդ կա՝ փող ունի, որն ուզում է ներդնել որևէ տեղ, մենք իրեն այդ հետաքրքրությունների ֆոնդի միջոցով պատրաստի փաթեթներով կարող ենք ասել՝ էներգետիկայի ոլորտում սա ունենք, տեքստիլի ոլորտում՝ սա, արդյունաբերությունում՝ սա և այլն։ Երկրորդ տարբերակն այն է, որ մարդն ուզում է գործարան կառուցել, իրեն պետք հող, շինություն, ծանոթանալ Հայաստանի օրենսդրությանը և այլն։ Մենք վերցրել ենք աշխարհում եղած փորձերը և փորձել ենք հասկանալ նաև այդ փորձի հեղինակների հետ խորհրդակցելով, թե Հայաստանի պարագայում որ մեխանիզմը պետք է կիրառել»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ արժեթղթերի շուկայի հետ կապված դեռ խնդիրներ կան. «Դե յուրե մենք ունենք այդ մեխանիզմը, բայց դե ֆակտո այն չի աշխատում այն ծավալներով, բայց մեր կանխավարկածը այն էր, որ, այնուամենայնիվ, այդ համակարգի չաշխատելը որոշակիորեն կապվածություն է ունեցել մենաշնորհների հետ։ Հիմա աշխատում ենք դա պետական որոշումներով խթանելու ուղղությամբ։ Աշխատանք ենք տանում՝ դուրս ենք բերում պետական ձեռնարկությունները, որոնք զարգացման որոշակի փուլ անցնելուց հետո կարող են արժեթղթեր թողարկել։ Այսօր իմ այս 3 թվարկած խնդիրներից  ոչ մեկը մենք չենք հասցրել լուծել, բայց չեմ կարող ասել, որ այդ խնդիրներից մեկը հնարավոր էր այսքան ժամանակում էֆեկտիվ ձևով լուծել։ Սա մի քանի տարվա հետևողական աշխատանք է պետք լինելու»։