ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը, որտեղ շոշափվել է  «Ադեկվադ» միաբանության անունը, միաբանությունը համարում է բանսարկություն, փնթի ու անպատասխանատու գործելաոճ, որի նպատակն է ստվերել կառույցի  համբավն ու վարկաբեկել  գործունեությունը, գրում է «Ադեկվադ» միաբանությունն իր ֆեյսբուքյան էջում: «Ըստ էության, մեր վճարած հարկերով գործող այս հիմնարկը, բուն գործունեությամբ զբաղվելու փոխարեն, դիմում է տեղեկատվական մանիպուլյացիաների, քանի որ որևէ քայլ չի ձեռնարկել տեղեկատվության իսկությունը ստուգելու ուղղությամբ: Փոխարենը նախարարությունը նախընտրեց համալրել Նիկոլ Փաշինյանի կլյաուզա ու մատնագիր գրող միավորների ցանկը: Եթե այս նախարարությունն այլ հարցերում նույն կերպ է աշխատում, ինչ և այս դեպքում՝ իր պաշտոնական հարթակից նման փնթի ապատեղեկատվություն տարածելով, կարելի է եզրակացնել,թե ինչ աղետալի վիճակում է գտնվում սոցիալական ապահովության ոլորտը», գրում է «Ադեկվադը»:

Միաբանությունը նշում է, որ այս դրվագը դիտարկում է «նույն համատեքստում, ինչ և նախորդ բոլոր զրպարտանք պարունակող դրվագները, որոնցով մեզ փորձում էին ներկայացնել սևազգեստ ահաբեկիչներ, բանդա, մարդկանց փողոցում սպառնացող միավորներ և այլն: Ինչպես բոլոր այս թվարկված դրվագներում, այնպես էլ հիմա, իշխանությունը ձախողելու է»:

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարել  է, որ միաբանության կողմից որևէ մեկը չի այցելել Գյումրի, այդպիսին ներկայացած  քաղաքացին չի հանդիսանում միաբանության անդամ և չի գործում իրենց անունից: Միաբանությունը պահանջել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 24 ժամվա ընթացքում հրապարակային հերքումով հանդես գալ և ներողություն խնդրել «Ադեկվադ» միաբանությունից՝  «նման փնթի կերպով մեզ անվանարկելու համար»:

«Մի ստիպեք մեզ կիրառել ձեր դեմ նույն գործիքակազմը, քանի որ անգամ այդ հարցում մենք շատ ավելի արդյունավետ կլինենք,քան դուք», գրել է «Ադեկվադը»: