«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասֆալտին «պառկըցնելու», պատերին ծեփելու ու ծնոտներին խփելու մասին է կրկին խոսել, այս անգամ՝ Ազգային ժողովի բարձր ամբիոնից։ Վարչապետին «վրդովեցրել» է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքին դեմ արտահայտվելը։

«Որեւէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք, հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարող է թպրտալ: Կտանք պատերով, կպառկըցնենք ասֆալտին: Թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»: Փաշինյանի այս մտքին պատգամավոր Ղուկասյանն աստվածաշնչյան տողերով է պատասխանում՝ ոչ թե «ասֆալտին պառկըցվելուց», այլ Աստծո դատաստանից է վախենում նա։

Մի կողմ թողնելով Ղուկասյանի աստվածավախությունը, հոգեւոր արժեքներից խոսելու մոլուցքը՝ արձանագրենք. 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորը «հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանելու» համար իրավական որեւէ գործընթացի մեջ ներգրավված չէ։

Մոտ երկու տարի իշխանություն ունեցող «քայլածները»՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, մեկ անգամ չէ, որ ամենատարբեր պաշտոնյաների՝ կոռուպցիայի մեջ թաղված լինելու մասին հայտարարություն են արել։ Նման բոցաշունչ ելույթների միակ արգասիքը, սակայն, Փաշինյանի թիմակիցների շռնդալից ծափահարություններն են եղել։

Նախկինների՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին օրեր առաջ նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ակնարկեց։ Ֆրանսիայում իր հրաժարականի պահանջով պաստառներ պարզած երիտասարդներին նա հորդորեց հիշել կոռուպցիայի մեջ թաթախված «իրենց» նախարարին։

«Բա Լեւոն Մկրտչյանի ժամանակ ինչու՞ չէիք պայքարում, երբ ոլորտը կոռուպցիայի մեջ էր թաթախված։ Թե՞ ձերոնց դեմ չէիք բողոքում»,- նշեց նա։ Բայց մինչեւ այս պահը Վարդան Ղուկասյանի նման Լեւոն Մկրտչյանը նույնպես իրավապահների ուշադրության կենտրոնում չի հայտնվել ու մեղադրվել «կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեջ»։ Հարությունյանը, հիշեցնենք, մոտ տարիուկես առաջ էլ հայտարարել էր «Այբ» դպրոցում իրականացվող «Արարատյան բակալավրիատ» ծրագրում տեղ գտած «աղմկոտ» չարաշահումների մասին, որոնք, սակայն, ամիսներ շարունակ մի ամբողջ նախարարություն որեւէ կերպ չկարողացավ ապացուցել։

Հասարակությանը, որը ԿԳՄՍ նախարարի ու նրա գործընկերների թեթեւ ձեռքով բաժանվում է «մերոնքների» ու «ձերոնքների», միայն ծափահարություններով չես կերակրի։ Իշխանությունները, ի վերջո, պետք է գիտակցեն՝ հայտարարություններից հետո հարկավոր է բուն գործողությունների անցնել, կոռուպցիոներ, թալանչի, ստահակ, գծուծ, սինլքոր, քստմնելի ու նմանատիպ բառերը իրավական նորմերով պետք է հիմնավորվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում