Չինական Huawei եւ ZTE տեխնոլոգիական հսկաներին «չի կարելի վստահել», ասվում է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի՝ Կապի դաշնային հանձնաժողովի (ԿԴՀ) նախագահ Աջիթ Փային գրած նամակում, տեղեկացնում է CNBC-ն։

Բարը գրել է, որ աջակցում է ԿԴՀ նախագծին, որը կարգելի այդ երկու ընկերություններին ապրանքներ վաճառել կազմակերպություններին, որոնք օգտագործում են ԿԴՀ Ունիվերսալ ծառայության հիմնադրամի փողերը։

Բարը ընկերությունների զգալի դերը 5G սարքավորումների համաշխարհային շուկայում նշել է որպես զգուշավորության պատճառ. «Մենք ավելի կախյալ կդառնանք այդ ցանցերից, քանի որ ավելի շատ սարքեր եւ ծառայություններ են միանում եւ աշխատում աննախադեպ արագությամբ։ Մարդկային կյանքը եւ անվտանգությունը, ինչպես նաեւ կարեւոր պետական գործառույթները կախված կլինեն մեր դաշնակիցների, ինչպես նաեւ մեր սեփական ցանցերի անվտանգությունից»,- գրել է Բարը։

ԱՄՆ հատուկ ծառայությունները կարծում են, որ Huawei-ը եւ ZTE-ն չափից ավելի սերտ կապեր ունեն Պեկինի կառավարության հետ, եւ այդ կապերը սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար։

Բարը վկայակոչել է մի շարք քրեական գործեր՝ կապված ԱՄՆ-ում Huawei-ի հետ, ներառյալ դաշնային մեղադրանքները ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի դեմ։ Նա նաեւ վկայակոչել է Վաշինգտոնի նահանգում քրեական գործը, որի շրջանակում Huawei-ը մեղադրվում է T-Mobile-ի հետ հարաբերությունների անօրինական օգտագործման մեջ՝ ընկերության առեւտրային գաղտնիքը գողանալու նպատակով։

Huawei-ը կտրականապես հերքում է մեղադրանքները, ինչպես նաեւ այն, որ ընկերությունը ենթարկվում է Չինաստանի կառավարությանը կամ զինվորականներին։