ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հերքել է ենթադրություններն այն մասին, թե Պենտագոնի որոշումը Microsoft Corp-ին ամպային հաշվարկների գծով 10 մլրդ դոլարի պայմանագիր տրամադրելու վերաբերյալ կողմնակալ է՝ այն բանից հետո, երբ Amazon.com Inc-ը հայտարարեց այն վիճարկելու պլանների մասին, տեղեկացնում է Reuters-ը։

«Ես համոզված եմ, որ ամեն բան արդար է արվել, առանց դրսի որեւէ ազդեցության»,- ասել է Էսփերը Սեուլում մամուլի ասուլիսի ժամանակ։

Amazon-ը պնդում է, որ քաղաքականությունը խանգարել է պայմանագրերի կնքման ազնիվ գործընթացին։ Նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց արդեն քննադատում է Amazon-ին եւ նրա հիմնադիր Ջոզեֆ Բեզոսին։

Amazon-ի ներկայացուցչի խոսքով՝ կորպորատիվ ընդհանուր ժողովում Amazon Web Services-ի գործադիր տնօրեն Էնդի Ջասին ասել է, որ Պենտագոնի համար դժվար է օբյեկտիվ պայմանագիր կնքել, երբ նախագահը դատապարտում է մասնակիցներից մեկին։

Amazon-ը համարվում էր Պենտագոնի թվայնացման արդիականացման պայմանագրի ֆավորիտը, բայց անսպասելի Microsoft-ը դարձավ հաղթող։

Հոկտեմբերին Էսփերը չմասնակցեց գործարքի դիտարկմանը դրա նախնական հավակնորդներից մեկում՝ IBM Corp-ում որդու աշխատելու պատճառով։ IBM-ը մինչ այդ պայմանագրի հայտ էր ներկայացրել, բայց արդեն հանվել էր մրցույթից։