2020 թվականի պետբյուջեի նախագծով Հայաստանում նախատեսվում է կառուցել եւ նորոգել երեք անգամ ավելի շատ ճանապարհներ, քան 2015-2018 թվականներին։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 15-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը կլինի շարունակական, եւ ձեռք բերված հաջողությունների վրա նոր իշխանությունը կանգ առնել չի պատրաստվում։ «Խոսքը, հարգելի համաքաղաքացիներ, ավելի քան 500 կիլոմետրի մասին է»,- ընդգծեց պատգամավորը՝ հայտարարելով, որ կքվեարկի բյուջեի նախագծի օգտին, քանի որ այն ենթադրում է տնտեսության կայուն աճ եւ համաքաղաքացիների բարեկեցություն։