ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել են այլ հանցավոր դրսեւորումներ եւս:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ բազմադրվագ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի 40-ամյա բնակչին: Քրեական գործի բազմակողմանի քննությամբ պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1979 թվականին, 2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության «Մեխանիկական արտադրամաս»-ի լուսամուտի պոլիէթիլենային թաղանթը պոկելու միջոցով ապօրինի մուտք է գործել արտադրամասի տարածք եւ այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող էլեկտրաեռակցման պղնձյա մալուխ:

Իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն անձի կողմից կատարվել են նաեւ այլ հանցագործություններ եւս:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը 2015 թվականի նոյեմբերին, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, ցանկապատի վրայով բարձրանալու եղանակով դարձյալ ապօրինի մուտք է գործել «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության նույն՝ «Մեխանիկական արտադրամաս»-ի տարածք եւ այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող ամբարձիչի 2 հատ մարտկոց եւ օդամղիչ շարժիչի գործարկիչ:

Գողության մեկ այլ դեպք էլ կատարվել է 2019 թվականի մարտի վերջերին. 40-ամյա տղամարդը, օգտվելով անասնագոմի դռան՝ փականով փակված չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել «Մանես-Վալեքս» ՓԲ ընկերությանը պատկանող չօգտագործվող անասնագոմ եւ այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող 11 հատ փոքր եւ 1 հատ մեծ էլեկտրական անջատիչներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ՝ Լոռու մարզի բնակչի կողմից ռազմամթերք հանդիսացող՝ 16 հատ 7,62 մմ տրամաչափի հրացանային մարտական եւ մեկ հատ 5,6մմ տրամաչափի օղակաձեւ բոցավառման որսորդական սպորտային հրացանային փամփուշտներ ապօրինի ձեռք  բերելու ու դրանք իր կողմից փաստացի օգտագործվող բնակարանում ապօրինի պահելու վերաբերյալ:

Բացի այդ, պարզվել է, որ նույն անձը 2015 թվականի ամռանն ապօրինի պատրաստել եւ իր բնակարանում ապօրինի պահել է 5,6մմ տրամաչափի օղակաձեւ բոցավառման փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ինքնաշեն ակոսափող հրազեն:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Լոռու մարզի 40-ամյա բնակիչը, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար, ապօրինի պատրաստել եւ իր բնակարաններում ապօրինի պահել է զգալի չափերով՝ ընդհանուր 10.42 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Փամփուշտները, հրազենը եւ թմրամիջոցը հայտնաբերվել եւ առգրավվել են բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված զննությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 235-րդ հոդվածի 1-ին մասով, 236-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: