Հայաստանի հանրությունը փորձում է ինքն իր համար պարզել, թե ի՞նչ տեղի ունեցավ 1,5 տարի առաջ՝ հեղափոխությո՞ւն, թե՞ սցենարի կյանքի կոչում՝ գրված արտասահմանյան ինչ-ինչ գրասենյակներում: Այս մասին «Վերնատուն» ակումբի նիստում ասաց «Ակունք» Քաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար, խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Հակոբյանը միանշանակ գնահատական չունի, բայց իրավիճակը երկակի է: «250-300 հոգի կարողացան գրավել պահպանվող օբյեկտը՝ Ռադիոյի տունը: Հրեցին զինված պահակին, կոտրեցին դուռը եւ ուղիղ եթեր պահանջեցին: Նույնիսկ միջազգային օրենքներով պահպանությանը կարելի է անել ամեն ինչ, եթե հարձակում է կատարվում այսպիսի օբյեկտի վրա: Դեռեւս պատասխան չկա, թե սա ինչ էր, ուստի ցանկացած վերլուծություն գոյության իրավունք ունի»,- կարծում է Հակոբյանը:

Նրա խոսքով՝ աշխարհում մեծ թվով սցենարներ կան, որոնցում առաջին մասը նման է նրան, ինչ տեղի ունեցավ մեզ մոտ: Բայց երկրորդ մասն ավելի վատթար է. այդպիսի երկրները տարածքներ են կորցրել, օրինակ՝ Վրաստանը եւ Ուկրաինան: «Արցախի հարցը փակուղի է մտել: Կարեւոր չէ, թե իշխանությունները ինչ ներբողներ են երգում: Փաստն այն է, որ հարցը փակուղում է: Իշխանությունները ընդդիմադիր պոպուլիզմը մտցրել են քաղաքական բառապաշար»,- նշեց Հակոբյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ լուծումը պետք է բավարարի 3 կողմերին, արվում է եվրոպական ականջների համար, եւ պատահական չէ, որ Եվրոպան ծափահարեց «խաղաղության աղավնուն»: «Բայց եթե աշխարհում կա մի մարդ, որը կբացատրի այս կերպ գործնական լուծումը, ես շնորհակալ կլինեմ: Բայց այդպիսի մարդ չկա, այդ թվում ՝ այս  արտահայտության հեղինակն էլ չի կարող»,- կարծում է Հակոբյանը: Նրա կարծիքով՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարությունը նույնպես թելադրված էր այսրոպեական պոպուլիստական նկատառումներով:

«Լավրովը ճեպազրույցում 4 րոպեում 2 անգամ մեջբերեց Նիկոլ Փաշինյանին: Բայց ոչ մի բառ ինքնորոշման մասին: Իրականում այս արտահայտությունը մանեւրելու մեծ դաշտ է բացում՝ համանախագահների, Ադրբեջանի եւ մեր ռազմավարական դաշնակցի համար: Սա լուրջ ծուղակ է»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ներքաղաքական իրավիճակում անհրաժեշտ է անցյալ տարիներին քաղաքական գնահատական տալ, այլ ոչ թե ամեն ինչ հերթով մի կողմ նետել: «Հայաստանի ողնաշարը կոտրվել է 1995-96 թվականների ընտրություններով, երբ ժողովրդին ձայնի իրավունքից զրկեցին: Նրանք, ովքեր ահաբեկել են ժողովրդին, դարձել են դրության տերը: Կարելի էր դրան քաղաքական գնահատական տալ ու անցնել առաջ»,- նշեց Հակոբյանը՝ արձանագրելով, որ իշխանությունները դրա փոխարեն թիմ են ստեղծում նրանց հետ, ովքեր դա արել են: Ընդ որում՝ զարգանում է քաղաքական դալտոնիզմը՝ կամ սեւ, կամ սպիտակ, նշեց Ռուբեն Հակոբյանը՝ հիշեցնելով 90-ականներին տարածված արտահայտությունը. «Թեկուզ պոլի փետ, բայց միայն ՀՀՇ-ից: Հիմա՝ թեկուզ պոլի փետ, բայց նրանցից, ովքեր «քայլել» են: Եվ այս խայտառակությունը ղեկավարում է վարչապետը»:

Խոսելով դատական համակարգի իրավիճակի մասին՝ Ռուբեն Հակոբյանը նշեց իշխանությունների ճաշակով որոշումների ընդունումը: «Իսկ նրանք, ովքեր դա չեն անում, պատկանում են «վնգստացողների» թվին: Կարդացեք դատավոր Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցը»,- ասաց Հակոբյանը: «Չեն «վնգստում» նրանք, ովքեր փորձում են ենթարկեցնել դատարանները, նրանք, ովքեր գործիք են դարձել, նրանք, ովքեր փաստաբաններին զրկում են վերջին խոսքի իրավունքից, որպեսզի քաղաքական պատվեր իրականացնեն, ԲԴԽ նախագահը պետք է ապահովի դատական անկախությունը, սակայն վերածվել է գործիքի»,- թվարկեց Հակոբյանը:

«Երկրում կան քաղբանտարկյալներ՝ Նարեկ Մութաֆյանը, Սարգիս Օհանջանյանը: Կա քաղաքական պատանդ՝ հանրապետության երկրորդ նախագահը: Նիկոլ Փաշինյանն ամբողջ համակարգը գերի է վերցրել»,- հայտարարեց Հակոբյանը՝ նշելով, որ դեռեւս ամրակուռ է Սահմանադրական դատարանը՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ:

Նրա խոսքով՝ ցավոք, ատելություն եւ անհանդուրժողականություն է ծնում 2016-ի իրադարձությունների հետաքննության հարցով խորհրդարանական հանձնաժողովը: Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ Փաշինյանը, երբ ընդդիմադիր գործիչ էր, հայտարարում էր ապրիլյան պատերազմին Ռուսաստանի ներգրավվածության մասին: «Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի այդ հարցը: Եթե դա իսկապես այդպես է, ապա անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հակառակ դեպքում, եթե պարզվի, որ դա երկրի համար վտանգավոր դեմագոգիա է եղել, Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա»,- հայտարարեց Հակոբյանը՝ հանձնաժողովին եւ խմբակցություններին կոչ անելով անհապաղ քննարկել հարցը:

Ռուբեն Հակոբյանը կոչ արեց ազատ արձակել քաղաքական պատանդներին: «Իրավական ծաղրանկարը հարված է հասցնում պետությանը»,- հայտարարեց Հակոբյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին: Ընդ որում, նա կոչ արեց թափանցիկ դատական քննություն անցկացնել. «Եթե պետք է, դատապարտեք, սակայն դադարեցրեք խեղկատակությունը: Դա քաղաքական վենդետա է»:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ չի ցանկանում օգտագործել վարչապետի, քաղաքական «մաչոյի» բառապաշարը, եւ առաջարկեց դադարեցնել ատելությունն ու անհանդուրժողականությունը, որը ձեռնտու է հակառակորդին: