Որպեսզի Հայաստանը դառնա բարձրտեխնոլոգիական ռազմական արդյունաբերության ոլորտի արտահանող երկիր, 2020 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացնել մոտ 12,4 մլրդ դրամ։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 15-ին ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ բյուջեի նախագծով եկող տարի ռազմական արդյունաբերության կարիքների համար ծախսերը կավելանան 122 տոկոսով՝ հասնելով 6,3 մլրդ դրամի։ Այդ միջոցների մի մասը, ինչպես նշեց նախարարը, կուղղվի գիտահետազոտական եւ հետազոտա-կոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ արտադրողականության ցուցանիշների բարձրացմանը, քանի որ, Արշակյանի խոսքով, անհրաժեշտ է հաշվի առնել  երկրի կարիքները անվտանգության ապահովման ոլորտում, եւ միջազգային շուկայում տեղական արտադրանքի իրացման եւ սպառման հնարավորությունների ձեւավորումը։