Արդեն մեկուկես տարի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է կոպիտ քաղաքական հետապնդում։ Այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Վերնատուն» ակումբի նիստում։

«Նոյեմբերի 20-ին կլրանա 11 ամիսը, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, քաղբանտարկյալի կարգավիիճակում»,- ընդգծել է Վիկտոր Սողոմոնյանը՝ ավելացնելով, որ չի ցանկանում թվարկել մեկուկես տարում բացահայտված բոլոր մանրամասները, դրանց մասին բազմիցս խոսվել է։

Վիկտոր Սողոմոնյանի խոսքով, այս ընթացքում 3 կարեւոր առասպելներ ջարդուփշուր եղան։ Առաջին հերթին՝ նա ընդգծեց, որ պարզվել է՝ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահը, մարդ, որը ղեկավարել է Արցախի ինքնապաշտպանությունը, Ղարաբաղի պաշտպանության պետական կոմիտեն,  ոչ մի կապ չունի մարդկանց սպանությունների հետ։ «Դուք հիշում եք, որ նրա կալանավորումն սկսվել է այն պատրվակով, թե ահա բռնում ենք մարդասպանին: Այսօրվա վարչապետը ուժ ու եռանդ չէր խնայում եւ չէր համբերում հայտարարել, թե ահա «Մարտի 1»-ը ամբողջ ծավալով բացահայտված է, հիմա կտեսնեք, թե ինչ արագ գործը կբացահայտվի: Մենք տեսանք, որ դա բացարձակ կեղծիք էր: Նույն վարչապետն իր ներկայացուցչի միջոցով ստիպված էր հայտարարել, որ խոսելով հեղված արյան մասին՝ նկատի չի ունեցել Քոչարյանին»,- հիշեցրել է Վիկտոր Սողոմոնյանը։

Նա ընդգծեց, որ հարցն անգամ վերաբերում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձին, այլ պատմական համատեքստին։

Երկրորդ հերթին՝ Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ կարելի է վստահաբար ասել, մարտի 1-ին տեղի չի ունեցել սահմանադրական կարգի տապալում. դա կեղծիք է եւ պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ։ Ինչպես նշեց Սողոմոնյանը, դժվար է գտնել սթափ մարդու Հայաստանում, որը կպնդեր, որ խաղաղ բնակչությունը ուզում էր ինչ-որ բան անել հաղթած թեկնածուի համար,իսկ չար իշխանությունները տապալեցին սահմանադրական կարգը՝ դա թույլ չտալու համար:

«Դա իրավական ֆուտուրիզմ է կամ սյուռեալիզմ։ Գործի 70-80 հատորներում, որոնք կապ չունեն իրականության հետ, չկա որեւէ ցուցմունք Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ցավով փաստում եմ, որ եթե այսպես շարունակվի, Քոչարյանի հանդեպ կկուտակվեն խախտումների եւս 80 հատորներ»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։

Երրորդ. երկրորդ նախագահի հանդեպ այս առանցքային գործը ցույց տվեց, որ Հայաստանում կա շատ ուժեղ քաղաքացիական հասարակություն, ուժեղ իրավական հանրույթ, որը պատրաստ է պայքարելու ընդդեմ իրավական բեսպրեդելի, ընդդեմ քաղաքական հետապնդումների, որը չի վախենում հետապնդումներից, պաշտոնը կորցնելուց, չի վաճառում իր կարծիքն ու ընկերներին։ «Դա կարեւորագույն եզրակացությունն է»,- ընդգծեց Սողոմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, որոնք, անտեսելով լկտի հարձակումները՝ վիրտուալ եւ ֆիզիկական, հավատարիմ են մնում իրենց սկզբունքներին։

Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրեց, որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարության տակ ստորագրել է 40 հազար մարդ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից։

Որպես իրավիճակի շտկման միջոց նա առաջարկել է իշխանություններին մի քանի քայլեր« թեեւ համոզված չէ, որ նրանք դրան ի վիճակի են անել:

Այնուամենայնիվ, նա առաջարկել է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումը, հրաժարվել բռնաճնշումներից եւ զանգովի արդարադատությունից, դատավարությունը վերադարձնել օրինականության հուն, դադարեցնել Մարտի 1-ի գործի խեղաթյուրումը եւ ջանքերն ուղղել մարդկանց սպանությունների մեղավորներին պարզելուն, առաջին ատյանի դատարանը պետք է կատարի ՍԴ որոշումը եւ ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին, դադարեցնի քրեական հետապնդումը, դադարեցնի պատմությունը նենգափոխելու փորձերը, կոպիտ ճնշումը դատաիրավական համակարգի եւ մասնավորապես՝ դատարանների վրա։ ՍԴ-ն ենթարկեցնելու փորձերը հարված են հասցնում դեմոկրատիային եւ տանում միանձնյա իշխանության, զգուշացրել է Վիկտոր Սողոմոնյանը։