Այս տարվա նոյեմբերի 18-ից մինչև 2020թ. փետրվարի 14-ն ընդունվում են Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերը։ Նախագահի մրցանակի մյուս անվանակարգերում հայտեր ներկայացնելու ժամկետները ևս մոտենում են. բժշկագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա, տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար գիտություններ, գրականություն, արվեստ անվանակարգերում հայտերը կընդունվեն դեկտեմբերի 2-ից մինչև 2020թ. հունվարի 31-ը։ Այս և ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական մրցանակների համար հայտ ներկայացնելու մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Հայոց ցեղասպանությանճանաչմանը բերած ավանդի համար անվանակարգի 2 մրցանակներից մեկն ամեն տարի շնորհվում է ՀՀ քաղաքացու կամ հայաստանյան կազմակերպության կամ ծագումով հայ գործչի, մյուսը՝ օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպության։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստած գործը պետք է իրականացված  (եթեստեղծագործությունէ՝ հրապարակված) լինի 2017-2019 թվականների ընթացքում: Ինչպես ՀՀ նախագահի մյուս մրցանակները, այնպես էլ սա, նախաձեռնելև ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։Մրցանակակրին շնորհվում է վկայագիր, կրծքանշան և 10 հազար դոլարի չափով դրամական պարգև: Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Նախագահը և «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչը։

Այլ մանրամասների, մրցույթի կանոնակարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու և դիմումի ձևը ներբեռնելու համար հետևյալ հասցեով պետք է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջ։ Հայտերը հնարավոր է ներկայացնել նաև առցանց, բայցև պարտադիր է փաթեթի առձեռն ներկայացումը ևս՝ նախապես զանգահարելով «Հայաստան» հիմնադրամի քարտուղարության պետ Աիդա Խաչիկյանին (հեռ.՝ +374-520940; էլ.փոստ՝ [email protected], հասցե՝ Հայաստան, Երևան 0024, Բաղրամյան 26/1, ՀՀ նախագահի նստավայր): Ովքեր Հայաստանում չեն, փաթեթը կարող են ներկայացնել Հայաստանում գտնվող անձանց միջոցով կամ ուղարկել սովորական փոստով։