Հայաստանի իշխանությունները կտրականապես չեն ցանկանում վերցնել պատասխանատվություն Արցախի հարցում։ Այս մասին ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Վերնատուն» ակումբի նիստում։

Նրա խոսքով՝ քաղաքական ուժը՝ վարչապետի գլխավորությամբ, որ իշխանության եկավ վստահության բավական բարձր քվեով, անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ոչ մի պատասխանատվություն չվերցնի բանակցային գործընթացում։ Սկզբում Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե հարցը կլուծվի հրապարակում, հետո ձեւափոխեց դա՝ «ժողովուրդը կասի ինչ է ուզում, ես դա կդնեմ բանակցային սեղանին», «եթե ժողովուրդը ինքը չգիտի, թե ինչ է ուզում, ես ի՞նչ փոխանցեմ» եւ այլն։ Հետո հնչեց «ես ոչ մի կերպ չեմ ներկայացնում Արցախը եւ իրավունք չունեմ ներկայացնելու»։ «Գագաթնակետը դարձավ վերջին ելույթը, կարծես Փարիզում, որ կարգավիճակը պետք է որոշեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Հասկացա՞ն արդյոք ԱԳՆ-ում կամ աշխատակազմում, որ սա արդեն ոչ մի կերպ չի ընկալվում»,- նկատել է Կարեն Բեքարյանը։

Վերլուծաբանն ընդգծեց, որ հարկավոր է մեզ համար պարզել. եթե մենք հասկանում ենք, որ ինքնորոշման իրավունքը իրավունք է, որը պետք է հարգեն եւ ընդունեն, այլ մոտեցումներն արգելակում են իրավունքը որպես տարր բանակցային գործընթացում։ «Ստացվում է, որ Ադրբեջանը կարող է համաձայնել կամ չհամաձայնել»,- ավելացրեց Բեքարյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, իշխանությունները ձգտում են մոլորեցնել հասարակությանը, ընտրվում են անհասկանալի թեզեր, եւ ձեւ է արվում, թե պատասխանում են այդ թեզերին, ընթանում է կեղծ օրակարգով մանիպուլացում, ընդ որում՝ ԱԳՆ-ն եւ վարչապետի աշխատակազմը հասարակությանը ներկայացնում են ճշգրտված տեքստեր։ «Իշխանությունները վարում են փակ աչքերի եւ ականջների քաղաքականություն հասարակության հանդեպ։ Բխող բոլոր հետեւանքներով»,- նշել է Կարեն Բեքարյանը՝ առաջարկելով ակումբի գործընկերներին  նման քննարկումներ անցկացնել նաեւ Արցախում։ «Տեղում հասկանալ անհանգստությունը եւ որքան հնարավոր է քաքաղաքական հայացքներից անկախ համեմատել ջանքերը։ Թե չէ վիրուսը տարածվել է նաեւ Արցախում։ Նախագահի թեկնածուներից մեկն սկսել է խոսել սեւերի ու սպիտակների մասին»,- ամփոփել է Կարեն Բեքարյանը։