2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է անտառների վերականգնման ծրագրի իրականացման համար հատկացնել շուրջ 1 մլն դոլար: Այս մասին նոյեմբերի 15-ին 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի քննադատությանը՝ հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու կառավարության խոստումների վերաբերյալ:

Ընդ որում՝ նախարարը նշեց, որ դեռեւս երբեք պետությունը նման կարիքների համար այդպիսի մեծ ծավալի միջոցներ չի տրամադրել: «Այսօրվա դրությամբ՝ մեր աշխատանքի շնորհիվ շուրջ 1000 քաղաքցիների հնարավորություն է ընձեռվել անտառային տնտեսության վերականգման ժամանակավոր աշխատանքի ընդունվել, որոնց մի մասը, իմ կարծիքով, նախկինում մասնակցել է նույն անտառի ծառահատումներին»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենք առաջիկայում սպասում են Հայաստանի բարեկամ երկրից ստանալ շուրջ 1 մլն տնկի: