Եթե Հայաստանի իշխանություններին հարցնեք բոլոր ուղղություններով խնդիրների մասին, նրանք դրանք կհերքեն: Այս մասին նոյեմբերի 15-ին «Վերնատուն» ակումբի նիստում ասաց ՀՅԴ Բյուրոյի ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Հարցնեք՝ ինչու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փակուղում, կհավաստիացնեն, որ այդպես չէ: Հարցնեք, թե ինչ է կատարվում դատական համակարգի հետ, կպնդեն, որ այսպիսի ժողովրդավարություն բնավ չի եղել: Որ «մենք ժողովրդի իշխանությունն ենք, մենք ժողովրդի մանդատն ունենք, նախկինում այսպիսի մանդատով իշխանություն չի եղել»: Քանի դեռ իշխանությունները դուրս չեն եկել այսպիսի ինքնագոհ վիճակից, երկխոսության նշաններ չեն լինի: Երբ նրանց ասում ես, որ լուրջ խնդիրներ կան, նրանք, բովանդակության մասին մոռանալով, սկսում են ասողի անձը քննադատել՝ «նախկիններից», «սեւ» եւ այլն: Անհրաժեշտ է առարկայական քննարկումների հնարավորություն ստեղծել, լսել տարբեր տեսակետներ: Թող մեզ էլ համոզեն, որ երբեք այսքան լավ չի եղել: Բոլոր իշխանությունները հենց այդպես էլ ասում են, եւ ոչ մի իշխանություն սխալները չի ընդունում: Անհնար է անվերջ նույն բանը կրկնել: Անհնար է էյֆորիայի ազդեցությամբ ճիշտ ընտրություն կատարել, իսկ հետո մտածել՝ իշխանությունից ինչպես ազատվել»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն իշխանության գնահատման իր չափանիշն ունի. դա այն իշխանությունն է, որը երկրի տարածքային ռեսուրսը եւ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մարդկային ռեսուրսը ճիշտ է օգտագործում: «Բայց այնպիսի տպավորություն է, որ այլ ուղղությամբ ենք գնում, եթե ընդհանրապես գնում ենք: Անհասկանալի է, թե մենք տարբեր ուղղություններով ինչ ծրագրեր ունենք: Այնպիսի տպավորություն է, թե երկիրը ոչ թե ծրագրերով է զարգանում, այլ մի մարդու քմահաճույքով: Անհրաժեշտ է սթափվել: Սա պապուդ բանջարանոցը չէ, այլ երկիր: Իսկ այստեղ դատում են ըստ նրա, ով քանի կիլոմետր է գնացել, պաշտոն կստանա»,- նշեց Ռուստամյանը:

Ըստ նրա՝ 2018 թվականի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ժողովուրդը հասկացավ, որ կարող է ոտքի կանգնել եւ իշխանություն փոխել կամ իր կամքը թելադրել իշխանություններին: Արմեն Ռուստամյանը որպես բացասական օրինակ բերեց Լեւոն Տեր-Պետրոսյանին. իշխանության եկավ 83 տոկոսով եւ որոշեց, որ իր պատմական առաքելությունն է իշխանությունը պահելը, եւ ստեղծեց իշխանության վերարտադրման համակարգեր: «Վախենամ, հիմա էլ է նույնը տեղի ունենալու: Հիմա նրանք իրենց փրկիչներ են համարում եւ իրենց «չի կարելի խայտառակվել», այնպես անել, որ հաջորդ ընտրություններին ավելի քիչ ձայն ստանան, այսինքն՝ կսկսի գործել իշխանության վերարտադրման մեխանիզմը:

Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ իշխանության են եկել ժողովրդի օգնությամբ եւ պետք է հեռանան ժողովրդի օգնությամբ՝ գիտակցված ընտրության միջոցով, այլ ոչ թե պաթոսի եւ էյֆորիայի: