Որևէ մեկը չի կարող ասել, թե մենք ժամանակին մատների արանքով ենք նայել կարևոր խնդիրներին, կենսական նշանակության հարցերում եղել ենք պարտվողական կամ ձախողված։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Այսօրվա իշխանության գործունեությունն էլ է դա վկայում, շատ առումով շարունակում են այն քաղաքականությունը, ինչը ժամանակին դրվել է ճիշտ ռելսերի վրա, սակայն քաղաքականության իրականացման ընթացքում տեսնում ենք անպատասխանատու, անզգույշ հայտարարություններ, տեսնում ենք մի քաղաքական գործընթաց, որն աստիճանաբար նաև միջազգային հանրության մոտ է ձևավորում որոշակի թերահավատություն Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության և տարածաշրջանում գոյություն ունեցող զարգացումների նկատմամբ»,– ասաց նա։

Դիտարկմանը, թե հրադադարի ռեժիմն այժմ ավելի քիչ է խախտվում, Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Դա թվացյալ մասն է, այնպես չէ, որ քիչ է խախտվում։ Զոհեր էլ, ցավոք, մենք դեռևս շարունակում ենք ունենալ։ Յուրաքանչյուր անգամ բանակցային գործընթացի ակտիվացումից առաջ Ադրբեջանը լարում է  իրավիճակը։ Ինչպես նախկինում, այսօր էլ բանակցային գործընթացը շատ ավելի փակուղային է, և Ադրբեջանի համար էլ է անհասկանալի՝ ուր են գնում։ Երբ տեսնում ենք, որ Ադրբեջանն ապակառուցողական դիրքերից տեղափոխվում է կառուցողական դիրքեր, և Հայաստանը՝ կառուցողական դիրքերից աստիճանաբար տեղափոխվում ապակառուցողական դիրքեր, սա, բնականաբար, մտահոգություն է»։

Հարցին՝ ո՞րն է Ադրբեջանի կողմից կառուցողական դիրքը, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Այն, որ միջազգային հանրությունը սկսում է Ադրբեջանի գործողություններն ընկալել որպես կառուցողական դաշտում արված գործողություններ։ Հայաստանից հնչող առաջարկներն աստիճանաբար սկսում են մերժվել և դիտարկվել որպես անիրականանալի։ Այն գործընթացը, որը դրված է եղել Մինսկի խմբի շրջանակում, եթե մեր իշխանությունները նույն կերպ շարունակեին հաշվենկատ և հավասարակշռված ձևով իրականացնել, որևէ խնդիր չէինք ունենա... Այսօրվա փակուղային իրավիճակը ռիսկային է այն առումով, որ մենք ավելացնում ենք Ադրբեջանի քաղաքական ռեսուրսները՝ աշխարհին համոզելու, որ Հայաստանը ապակառուցողական է, որևէ բանակցային դիրքորոշում չի ձևավորում, հայտարարել է անորոշ սկզբունք՝ այնպիսի լուծում գտնել, որը երեք կողմերի համար ընդունելի լինի, բայց չի ասվում, որն է այդ լուծումը... Ինքնորոշման իրավունքի սկզբունքն է, որը պետք է իրացվի, այլապես ԼՂՀ-ի լուծման տարբերակ ուղղակի չի կարող լինել։ Ասել՝ Արցախը Հայաստանն է և վերջ, դրանով ավարտվո՞ւմ է խնդրի կարգավորման գործընթացը»։