Արցախի նախագահի թեկնածու,  «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը գտնում է, որ հայ մեծ բարերար, Արցախի Վանք գյուղում ծնված Լեւոն Հայրապետյանը պետք է արժանանա Արցախի հերոսի պետական բարձր կոչման: 

Այս հարցին նա անդրադարձել է օրերս Ստեփանակերտում տեղադրված Լեւոն Հայրապետյանի հուշարձանի մասին պատմող ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Ստեփանակերտի ամենագողտրիկ վայրում՝ սիրահարների այգում, որը առաջին հերթին խորհրդանշում է արցախյան Մեծ հարսանիքը, Նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ տեղադրվել է հայ մեծանուն բարերար, արցախյան հողի արժանավոր զավակ Լեւոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձան, որի հանդիսավոր բացումը կլինի շուտով:

Լեւոն Հայրապետյանի անմնացորդ նվիրումը իր ժողովրդին, հող ու ջրին իսկական հայրենասերի կերպարի լավագույն բնութագրումն է: Նրա մասին կարելի է երկար խոսել, բայց կարելի է նաեւ բազմանշանակ լռել, քանի որ Արցախի զարգացման գործում նրա ունեցած մեծ ավանդը պերճախոս վկայությունն է Հասան-Ջալալյանների տոհմի ժառանգի՝ որպես իսկական հայի ապրած տարիների:

Լեւոն Հայրապետյանը Արցախի հերոս է, եւ, համոզված եմ, պետական այդ բարձր գնահատականը չի ուշանա:

Խոնարհումս ՄԵԾ ՀԱՅԻ պայծառ հիշատակին»,- նշել է Ա. Հարությունյանը: