ՊՆ-ն լավագույնս գիտի, թե որոնք են եղել թերացումները և դրանից հետո ինչ լուծումներ են տրվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը` անդրադառնալով խորհրդարանում ստեղծված ապրիլյան պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությանը։

«Զինված ուժերը միշտ զարգացնելու և արդիականացնելու կարիք ունի ժամանակակից աշխարհում։ Պաշտպանունակությունն ավելացնում է զենքի այն տեսակները, որոնք մեր ժամանակ են բերվել, պաշտպանունակությունը չի ավելանում քաղաքական փորփրումներով, պաշտպանունակությունը չի ավելանում սննդի տարբերակներն ու ոճը փոխելով։ Ի՞նչ է անում հանձնաժողովը, դա դեռ ժամանակը ցույց կտա։ Իմ կարծիքով՝ կփորձեն քաղաքական շահարկումների դաշտ տանել։ Այդ հանձնաժողովը կարող էր օգտակար լինել մի պարագայում, երբ կարողանար մասնագիտական կազմ հավաքել, ոչ թե ԱԺ-ում ընդգրկված 9 պատգամավոր, որոնց մեծ մասն ուղղակի հեռու են զինվորական կյանքից»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ հակառակորդի հարձակումն իրականում եղել է անակնկալ. «Որովհետև բանակցային գործընթացում հակառակորդին որևէ շանս տրված չէր, որևէ քաղաքական հնարավորություն հակառակորդը չի ունեցել, եղել է ընդամենը ռազմական ավանտյուրա, որի միջոցով հակառակորդը փորձել է խառնել բանակցային գործընթացում եղած դիրքերը։ Անակնկալ է եղել բոլոր կողմերի մեր հետախույզների համար»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մինչև գործողությունների սկսվելը մենք հստակ ժամով իմացել ենք տեղեկությունը, Զաքարյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է և պատերազմի ընթացքում նաև գլխավոր գերագույն հրամանատարը, ունի բոլոր հնարավորությունները՝ հստակ հիմնավորելու և ապացուցելու, թող բարի լինի՝ անել»։