Ճապոնական գիտնականները նկարագրել են նախկինում գիտությանն անհայտ թռչունների մասին, որոնք ապրել են դինոզավրերի կողքին՝ 120 միլիոն տարի առաջ։ Նրանք վատ են թռել եւ ունեցել են հատուկ կառուցվածք, հայտնում է RG-ը։

Հետազոտությունը հրապարակված է Communications Biology գիտական ամսագրում, իսկ այդ մասին կարճ պատմում է Fox News-ը։ Հին թռչունի քարացած մնացորդները հայտնաբերվել են դեռեւս 2013թ․՝ Ճապոնիայի Ֆուկուի նահանգում։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ էակը 120 միլիոն տարի առաջ դեռեւս մեր պատկերացրած սովորական թռչունի նման չի եղել, սակայ այն ժամանակակից թռչունների ուղիղ նախնին է։

Նոր տեսակը ստացել է Fukuipteryx prima անվանումը։ Պահպանված մի քանի ոսկորների շնորհիվ գիտնականները 3D տեխնոլոգիաների օգնությամբ կարողացել են վերարտադրել դրա արտաքին տեսքը։

Հետազոտողները կարծում են, որ այդ թռչունը եղել է ժամանակակից աղավնու չափ։ Նա կարողացել է շարժել պոչը, թափահարել թեւերը, սակայն չի կարողացել թռչել, ինչպես ժամանակակից թռչունները։ Ամենայն հավանականությամբ, նա տեղաշարժվել է միայն կարճ տարածություններ։ Ամեն ինչից դատելով՝ նա մոխրագույն եւ շագանակագույն փետուրներ է ունեցել։

Ինչպես հայտնել է հոդվածի առաջատար հեղինակ Տակուի Իմայան, սա եղել է առաջին թռչուններից մեկը Երկրի վրա։ Հավանաբար, նա ապրել է բարենպաստ եւ տաք կլիմա ունեցող տարածաշրջաններում, գետերի մոտ։

Ի դեպ, Fukuipteryx prima-ն վաղ կավճե դարաշրջանի առաջին պարզունակ թռչունն է, որին գտել են Չինաստանի սահմաններից դուրս։ Թռչունի սննդակարգի մասին գիտնականները դեռեւս ոչինչ չեն կարող ասել, սակայն նրանք ենթադրում են, որ Fukuipteryx prima-ն ինքը կեր է եղել ավելի խոշոր գիշատիչների համար։

Նաեւ նմանություններ են գտնվել Fukuipteryx prima-ի եւ աշխարհում առաջին թռչուն համարվող արխեոպտերիկսի որոշ ոսկորների միջեւ։