ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած  «Հաղթանակ»  շարժման ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 15-ին, ստորագրահավաք են անցկացրել Երեւանի Նոր Նորքի 5–րդ զանգվածում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

Շարժման կարգախոսն է «Միացումը»։ Շարժման մասնակիցները շեշտում են, որ ՀՀ-ն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, ուստի իրենք շրջում են մարզերով և կոչ անում միանալ իրենց այդ խնդիրների լուծման համար։

Շարժման անդամներից Վահե Եփրիկյանի խոսքով՝ արդեն տասնյակ հազարավոր մարդիկ են միացել ստորագրահավաքին, բայց կան նաեւ մարդիկ, որոնք չեն ուզում երեւալ։

«Իշխանությունը որդեգրել է մի գործելաոճ, որ լայքի համար կարող են մարդուն գործից հեռացնել։ Խոսք գնալ չի կարող բողոքի ձայն բարձրացնելուց, որովհետեւ տեսնում են՝ նա, ով խոսում է, նա ով քննադատում է իշխանությանը, խոսքս առողջ քննադատության մասին է, անմիջապես ենթարկվում է քաղաքական հալածանքների, ամենաչնչին հնարավորության դեպքում գործի է դրվում քննչական մարմինների ռեպրեսիվ լծակը, եւ անձինք հայտնվում են կալանավայրերում»,– ասաց Եփրիկյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը սանձազերծվել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ Հայաստանի Հանրապետության, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դեմ։

«Եթե քաղաքական բանտարկյալի վիճակում, քաղաքական առումով պատանդի կարգավիճակում է հայտնվել ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահը, եւ գաղտնիք չէ որեւէ մեկիս համար, որքան գլոբալ քաղաքական ֆիգուր է նա, ապա ինչպե՞ս կարող է ՀՀ շարքային քաղաքացին չհայտնվել այդ վիճակում, բնականաբար, իշխանությունները սպառնում են նաեւ նրանց»,– ասաց Եփրիկյանը։

Հիշեցնենք, որ «Հաղթանակ» շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան, Աբովյան քաղաքներում, այնուհետեւ Գեղարքունիքի մարզում՝ Գավառ եւ Սեւան քաղաքներում, իսկ մարզային ստորագրահավաքների վերջին կետը եղել էր Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան, ապա  Վայոց Ձորի մարզի՝  Եղեգնաձոր քաղաքները։