«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առանցքային ղեկավարներից մեկը՝ Վրաստանի քաղաքացին Ալ Բարա Շիշանի մականունով, կալանավորվել է Ուկրաինայի Կիեւի մարզում, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիան՝ հղում կատարելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը (ՈւԱԾ)։

Ինչպես նշվում է, ՈւԱԾ-ն ահաբեկչին բռնելու գործողությունն իրականացրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։

Հայտնի է, որ 2012 թվականից կալանավորվածը մարտնչել է ահաբեկչական կազմակերպության շարքերում Սիրիայի տարածքում եւ եղել Թարհան Բաթիրաշվիլու մերձավոր զինակիցը, որը հայտնի է որպես Աբու Ումար աշ Շիշանի։

Դաշտային հրամանատար Թարհան Բաթիրաշվիլին Վրաստանի Պանկիսի կիրճից է։ ԶԼՄ-ները նրան հաճախ անվանել են «գեներալ Շեկ մորուք»։ Նա զոհվել է 2016 թվականի հուլիսին Իրաքի Շերգաթ քաղաքի մարտերում։ Մինչ այդ ԱՄՆ-ը 5 մլն դոլար էր խոստացել տեղեկության համար, որը կօգներ դուրս գալ նրա հետքի վրա։

ՈւԱԾ տվյալներով՝ 2016 թվականին, Բաթիրաշվիլու վերացումից հետո, Ալ Բարա Շիշանին մեկնել է Թուրքիա, որտեղ շարունակել է համակարգել ահաբեկչական կազմակերպության գործունեությունը։

«2018-ի ամռանը  ահաբեկիչն ապօրինաբար մեկնել է Ուկրաինա՝ օգտագործելով կեղծ անձնագիր։ Առկա տեղեկատվությամբ՝ գտնվելով Ուկրաինայում, ահաբեկիչը շարունակել է համակարգել ԻԼԻՊ հատուկ կազմակերպությունների գործունեությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Գերատեսչությունում ավելացրել են, որ  իրականացված փորձաքննությունն ապացուցել է, որ «կալանավորված օտարերկրացին իսկապես «Իսլամական պետության» որոնվող առաջնորդն է։

«Այժմ ահաբեկիչը գտնվում է արտահանձնման ձերբակալման տակ։ Ստուգվում է տեղեկությունը Ուկրաինայի տարածքում հանցագործությունների մասնակցության մասով»,- ասված է հաղորդագրությունում։

ՈւԱԾ մամուլի ծառայությունը չի ճշտել կալանավորվածի անունը։ Չի բացառվում, որ խոսքը Պանկիսի կիրճի 48-ամյա բնակիչ Մուրադ Մարգոշվիլու մասին է։ 2018-ի ապրիլին արաբական ԶԼՄ-ները տեղեկացրել են Իրաքի հյուսիսում նրա ոչնչացման մասին։

Համաձայն Վրաստանի պետանվտանգության ծառայության տվյալների՝ 2018 թվականին Սիրիայում եւ Իրաքում գտնվել է Վրաստանի 14 քաղաքացի, որոնք աջակցել են ահաբեկչական կազմակերպություններին։ Անցած տարի հատուկ ծառայությունները Վրաստան նրանց վերադառնալու ոչ մի փաստ չեն հայտնաբերել։