ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայից պահանջել է նախկինից չորս անգամ ավելի շատ գումար երկրում ամերիկյան ԶՈւ տեղակայման համար, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։

Ինչպես նշում է գործակալությունը, եթե մինչեւ հիմա Ճապոնիայում 54 հազար ամերիկացի զինվորականների տեղակայման համար երկիրը վճարում էր 2 մլրդ դոլար, ապա հիմա Վաշինգտոնը ցանկանում է, որ Տոկիոն ամեն տարի վճարի 8 մլրդ։

Համապատասխան համաձայնագրի ժամկետը, որը կնքվել է երկրների միջեւ, լրանում  է 2021 թվականի մարտին։

Ճապոնիայի իշխանություններին վճարը բարձրացնելու պահանջը հնչել է հուլիսին, ԱՄՆ նախագահի այն ժամանակվա ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի եւ Ասիայի հարցերով տնօրեն, ազգային անվտանգության խորհրդական Մեթ Փոթինգերի այցելության ընթացքում, պարբերականին հաղորդել է աղբյուրը Պենտագոնից։

Միեւնույն ժամանակ, Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ ամերիկյան պարբերականի զեկույցը գլոբալ գործերի վերաբերյալ կոռեկտ չէ, եւ ամերիկա-ճապոնական ոչ մի բանակցություն նոր համաձայնագրի շուրջ տեղի չի ունեցել։