Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախրարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն արձագանքել է բնապահպան Մարի Չաքրյանի ահազանգին:

Նշենք, որ վերջինս իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Դալմայի այգու տարածքում քանդում են 16-17-րդ դարերի գինու հնձան․«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է: «Այդպես է կարգադրված» պատասխանել են այգեգործներին: Ուղղակի հիշեցնեմ, որ 16-17-րդ դարերի էր»,-գրել էր բնապահպանը:

Կարճ ժամանակ անց Մարի Չաքրյանի ահազանգին արձագանքել էր ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Պատգամավորը անձամբ էր գնացել Դալմայի այգի ծանոթանալու խնդրին եւ տեսանյութ էր հրապարակել: «Եթե իմ ունեցած տեղեկատվությունը ճիշտ է, ապա այստեղ տեղի ունեցող շինարարության հետ կապված ժամանակին ինչ-որ մի պաշտոնյա որոշել է, որ այդ հնձանները չեն կարող համարվել պատմական հուշարձաններ: Խոսեցի նաեւ ԳԱԱ Ազգագրության եւ գնահիտության ինստիտուտի աշխատակից Բորիս Գասպարյանի հետ, նա ներկայացրեց այս տարածքի արժեքը: Մինչեւ հասա այստեղ, այն դարձել է ավերակ: Ցավալի է, որ մեր մշակութային ժառանգությունից մի հատված պոկվում է ու անվերդարձ կորցնում ենք»,-նշել է Դանիելյանը:

Նա նաեւ հավելել է. «Ես չգիտեմ, թե սրա շարունակությունն ինչպես է լինելու, արդյոք որեւէ մեկը պատժվելու է, թե ոչ, բայց ես ընդամենը ցանկացած փաստաթղթավորել այն, ինչի ականատեսը ես եմ եղել: Այստեղ կան բուլդոզերի թարմ հետքեր: Վաղն առավոտյան, երբ շինարարները գան, այստեղ պետք է լինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները: Պետք է անպայման հասկանալ, թե այս շինարարության ծրագրի հաստատման մեջ որքանով է հիմնավորված ներկայացվել, թե ինչ տարածքի վրա է կատարվում շինարարությունը»,-նշել է պատգամավորը:

Ավելի ուշ Մերի Չաքրյանը շնորհակալություն է հայտնել «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին արձագանքի համար, սակայն արձանագրել են, որ Հայաստանի գինեգործության մշակույթի վառ օրինակներից մեկն արդեն ավերակ է։

«Այն միտումնավոր չի ներառվել տվյալ տարածքի ՇՄԱԳ-ում, ու ես արդեն հույս էլ չունեմ, որ քանդողը, կամ այն չինովնիկները, որ պարտավոր էին ապահովել պահպանությունը, կպատժվեն անգործության համար։ Վաղն առավոտյան հետքերն էլ կվերացվեն ու վերջ, չի էլ եղել»,-գրել է օգտատերը:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն էլ, արձագանքելով ահազանգին, նշել է.«Ի պատասխան մամուլում տարածված տեղեկության, թե Դալմայի այգիների տարածքում քանդվել է պատմական շինություն, հայտնում ենք, որ ըստ նախնական տեղեկության` այդ վայրում հաշվառված հուշարձան մեր ցանկերում չկա: Վաղը մասնագետները տեղում կուսումնասիրեն բարձրացված հարցը: Լրացուցիչ կտեղեկացնենք»:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ, անդրադառնալով ահազանգին, Ֆեյսբուքում գրել է. «Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։

Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։

Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, որ տարածքում արժեքավոր կառույցներ կան։

Եվս առնվազն 2-3 կիսավեր հնձաններ կան։ Կարծում եմ՝ դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երեւանի պատմության վկայությունն են»։