«Լիդիան Արմենիա» ընկերությունը 2 դատական հայց է ներկայացրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հայցերից մեկը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին, մյուսն` Էդվարդ Նահապետյանին:

Ընկերությունն օրերս տեղեկացրել էր, որ նախարարությունն իրենց ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագիծը մերժել է, ինչն ապօրինի է:

 «Լիդիան Արմենիա»-ն այդ հարցով դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ եւ նախկին հրամանն անվավեր ճանաչել:

Ամռանը ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը եւ տրամադրել մի շարք դիտողություններ: Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը եւ դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար: Ըստ ընկերության՝ հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է:

Մյուս հայցը վեաբերում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ջրօգտագործման հայտի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի մշակման և կույտալվացման միջոցով ոսկու կորիզման գործընթացների համար Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և միաժամանակ մեկ այլ  հրամանն անվավեր ճանաչելուն: