Արարատբանկն ընդլայնել է ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածով առաջարկվող ծառայությունների շրջանակը եւ ներկայանում է նոր դիզայնով ու հաճախորդի համար հարմար կառուցվածքով:

Արարատբանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանի խոսքով` ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածն անվճար է եւ հնարավորություն է տալիս ցանկացած պահի, ցանկացած վայրից առցանց իրականացնել ցանկացած բանկային գործարք:

«Շուրջ երեք տարի է Արարատբանկն իր թիմով աշխատել է այս հավելվածի վրա եւ այսօր ԱՐԱՐԱՏՄոբայլը Հայաստանի բանկային համակարգում գործող մոբայլ լավագույն հավելվածներից մեկն է, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով եւ ամենակարեւորը՝ անվտանգության նորագույն լուծումներով» ,- ասաց Կարեն Սարգսյանը:

Արարատբանկի թվային ծառայությունների դեպարտամենտի պետ Գայանե Ստեփանյանի խոսքով` ԱՐԱՐԱՏՄոբայլ նոր հավելվածը համապատասխանեցվել է միջազգային բոլոր ստանդարտներին, հասանելի է ընդլայնված ծառայություններով, պարզ կառուցվածքով եւ ունի առավելություններ, որոնք այլ բանկերում առկա չեն. «Մեր հավելվածն ունի հերթագրման համակարգ, որով հաճախորդները հնարավորություն են ստանում իրենց օֆլայն գործարքների համար հերթագրվել եւ այցելել բանկ ու սպասարկվել առանց հերթի: Համակարգն ունի զանգի հնարավորությունը, որը դարձյալ մեր լոկալ մշակած ծրագիրն է։ Ունենք նաեւ պոտենցիալ հաճախորդ ստեղծելու գաղափարը, որը նույնպես որեւէ տեղ առկա չէ: Երբ մարդը չի հանդիսանում մեր բանկի հաճախորդ եւ ուզում է հաճախորդ դառնալ, նա կարողանում է որոշ տվյալների առցանց գրանցումով դառնալ հաճախորդ: Համակարգում պարզեցրել ենք գրանցվելու պրոցեսները, ըմդամենը մեկ հպումով աշխատակիցը կարողանում է հաճախորդին ուղարկել հղում եւ գրանցել համակարգում: Մինչեւ տարեվերջ ունենալու ենք առցանց նույնականացումը, որն առանց բանկ այցելելու կարող են ամբողջությամբ անցնել նույնականացման պրոցեսները եւ դառնալ բանկի հաճախորդ։ Սրա հիմքում եւս դրված են անվտանգության բացարձակապես տեխնոլոգիական լուծումներ»:

Գայանե Ստեփանյանի խոսքով` այլ բանկերի քարտապանները առանց գրանցվելու ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածում կարող են օգտվել որոշ ծառայություններից. «ԱՐՔԱ համակարգի ցանկացած քարտի միջոցով հնարավոր է իրականացնել քարտից քարտ փոխանցում նույն համակարգի այլ քարտին, ինչպես նաեւ առցանց հերթագրվել եւ պատվիրել հետզանգ»:

Համակարգի պատասխանատուները վստահեցնում են, որ թվային բանկային ծառայությունները շատ արագ են զարգանում եւ իրենց հաճախորդներին նորանոր առաջարկներ են սպասվում։