Ուկրաինայի տնտեսական զարգացման, առեւտրի եւ գյուղատնտեսության նախարար Տիմոֆեյ Միլովանովը խոստովանել է, որ ԱՄՆ-ում դիսերտացիա գրելու ժամանակ մարիխուանա է օգտագործել, հաղորդում է 112.ua-ն:

Այս մասին նա ասել է հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում: Հարցին, թե արդյոք թմրանյութ է օգտագործել, նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում թմրանյութ չի օգտագործել, իսկ ահա ԱՄՆ-ում մարիխուանա է ծխել:

«Ոչ, ես ոչինչ չեմ ծխել… Անկեղծ ասեմ՝ ծխախոտ ծխել եմ կյանքում 7 անգամ: Այդ շրջանը՝ ծխել եւ խմել, ինձ մոտ անցել է: Իսկ ինչ վերաբերում է մարիխուանային, դրա օգտագործման օրինականությունը կամ անօրինականությունը կախված է նահանգից. օրինակ Կոլորադոյում օրինական է ծխելը: Ուկրաինայում ես ոչինչ չեմ ծխսել ո՛չ դպրոցում, ո՛չ համալսարանում: Իսկ գիտե՞ք՝ որտեղ եմ մարիխուանա ծխել: Երբ սովորում էի ԱՄՆ-ում ասպիրանտուրայում: Բոլոր ամերիկացիները ծխում են, իսկ եթե դոկտորներ են, մարիխուանա են ծխում «նոն-ստոպ»: Այնտեղ ինձ մարիխուանա տվեցին…Միայն այն ժամանակ, երբ ես պետք է դիսերտացիա գրեի»,- նշել է նա՝ հավելելով, որ իրեն չի տպավորել մարիխուանայի օգտագործումը:
«Այն ինձ չի սազում… Միգուցե ես այն սխալ եմ ծխում… Հնարավոր է, նրանք մեզ խաբեցին եւ դրա փոխարեն ծխախոտ տվեցին…Հնարավոր է, որ ես եմ այլ կերպ ընդունում: Ես նույնիսկ սուրճ չեմ խմում: Ես միայն թեյ եմ խմում»,- հայտարարել է Միլովանովը:

2001 թվականին Միլովանովը տնտեսագիտության մագիստրոսի աստիճան է ստացել ԱՄՆ Մադիսոն քաղաքում Վիսկոնսինի համալսարանում, իսկ 2004 թվականին նույն համալսարանում ստացել է դոկտորի աստիճան: