ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել երեկվա ողբերգությունից մահացած 4 երեխաների եւ նրանց տատիկի համար:

«Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության հինգ զոհերի հոգիների հանգստության համար»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:

Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից: