ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում  այցելեց Նոր Հաճն, որտեղ ծանոթացավ սուբվենցիոն ծրագրի շրջանակում կատարվող մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքներին։

Հասնելով Նոր Հաճն՝ Նիկոլ Փաշինյանը նախ հարցրեց նախօրեին տեղի ունեցած երեխաների ու նրանց տատիկի ողբերգական մահվան մասին։

Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը հաստատեց, որ ողբերգությունը տեղի է ունեցել շմոլ գազից թունավորման հետեւանքով։

Այնուհետեւ վարչապետին ցույց տվեցին հիմնանորոգմանը ենթակա մարզադպրոցը, որին կից գտնվում է նաեւ մարզադաշտ։

Քաղաքապետը բացատրեց Նիկոլին Փաշինյանին, որ քաղաքի դպրոցներում մարզադահլիճ չկա։

Քաղաքապետի խոսքով՝ մարզադպրոցը հատկապես կարեւոր է երկու դպրոցների համար։

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց ապագա մարզադպրոցի տարածք, որում ընթանում են հիմնանորոգման աշխատանքները։

Ի պատասխան վարչապետի հարցին՝ վերանորոգման ծրագրով զբաղվող պաշտոնյաները նշեցին, որ մարզադպրոցը կունենա հանդերձարան եւ ցնցուղ։

Նրան նաեւ հայտնեցին, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում մարզադպրոցի ներսում աշխատանքները կսկվեն ձմռանը դրսի աշխտանքները ավարտելուց հետո։

Նիկոլ Փաշինյանը նաեւ զննեց մարզադպրոցին կից գտնվող մարզադաշտը։

«Խնդիրը կարելի է բաժանել երկու մասի», - ասաց նա՝ հաստատելով, որ այն կարելի է լուծել Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ինչպես նաեւ եռակողմ ձեւաչափով՝  նաեւ կառավարության մասնակցությամբ։

Բացի այդ նրա խոսքով՝ մարզադաշտը մեկ խնդիր է, իսկ դաշտը, որի տարածքում երեխաները ֆուտբոլ են խաղում՝ մեկ այլ խնդիր։

Քաղաքապետը նշեց, որ այս տարի որոշեցին զբաղվել մարզադահլիճով, որից հետո կանցնեն մարզադաշտի խնդրի լուծմանը։

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում էր, նա ծանոթացել է մարզի մի քանի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին: