Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ Եվրամիության ներկայացուցչությունը կողմերին կոչ են անում երկխոսություն սկսել իրավիճակից ելք գտնելու համար, որը ստեղծվել էր ընտրական համակարգի սահմանադրական բարեփոխման տապալումից հետո: Այս մասին նշված է դիվանագիտական ներկայացուցչությունների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ամռանը ամբողջությամբ համամասնական խորհրդարանական ընտրակարգի արագ անցնելու նախաձեռնությունն ընդունել էին «որպես վրացական ժողովրդավարության կարեւոր քայլ, որին այդ ընթացքում հետեւել էր քաղաքական կոնսենսուսը եւ այդ ուղղությամբ աշխատելու բոլոր կողմերի պարտավորությունը»:

«Անցած հինգշաբթի այս գործընթացի անսպասելի դադարեցումը ուժգնացրել էր անվստահությունը եւ մեծացրել իշխող կուսակցության ու մյուս քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության միջեւ լարվածությունը: Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է անհապաղ աշխատանք սկսել վստահության վերականգնման ուղղությամբ՝ կառավարության, բոլոր քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ հանգիստ ու հարգալից երկխոսության հիման վրա՝ ճանապարհ գտնելու նպատակով, որը բոլորի համար ընդունելի կլինի»,- նշված է հայտարարության մեջ:

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ ԵՄ ներկայացուցչությունը նաեւ արձագանքել են ընդդիմության մեծածավալ հանրահավաքին, որի ժամանակ հայտարարվել էր «խորհրդարանի լիակատարար պիկետավորման» մասին:

«Մենք լիովին աջակցում ենք խաղաղ հավաքների եւ արտահայտվելու ազատության իրավունքին: Այս իրավունքիվ օգտվող բոլոր կողմերին կոչ ենք անում գործել օրենքի եւ Սահմանադրության շրջանակում: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում գործել երկրի շահերի շրջանակում»,- նշված է հայտարարության մեջ:

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին տապալել էր սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք նախատեսում էին 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացում մեծամասնական ընտրակարգով՝ անցողիկ զրոյական շեմով: Նախաձեռնության քննարկումը շարունակելու համար անհրաժեշտ էր 150-ից 113 պատգամավորի ձայնը: Քվեարկության ժամանակ փոփոխություններին աջակցել է 101 պատգամավոր: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության 3 պատգամավոր դեմ է քվեարկել, եւս 39-ը ձեռնպահ է մնացել:

Իշխող կուսակցության կողմից իր խոստումը չկատարելուց հետո Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի առջեւ սկսվել է բողոքի անընդմեջ ցույց: Խորհրդակցությունների արդյունքներով ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները իշխանություններին 3 պահանջ են ներկայացրել՝ ժամանակավոր, տեխնիկական կառավարության ձեւավորում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում համամասնական ընտրակարգով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում:

Նոյեմբերի 17-ին ընդդիմության մեծածավալ հանրահավաքին հայտարարվել է խորհրդարանի պիկետավորման մասին, օրենսդիր մարմնի շենքի բոլոր երեք մուտքերը արգելափակվել են: Ցուցարարները հայտարարում են, որ պատգամավորներին թույլ չեն տա ներս մտնել այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջները չկատարվեն: