Նախօրեին հանդիպել ենք Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների բնակիչների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նա, մասնավորախպես, նշել է. «Հանդիպմանը ներկա են եղել ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը, Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Վիգեն Անանյանը եւ պատգամավորներ Մարի գալստյանը, Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ ես։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների շուրջ 130 բնակիչներ։ Հանդիպման կազմակերպչական հարցերում աջակցության խնդրանքով նախորդ օրը դիմել էինք Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին՝ խնդրելով նաեւ, որ հրավիրվեն մեր առանձնացրած թիրախային խմբերի ներկայացուցիչները՝ ավագանու անդամներ, առողջարանային, հյուրանոցային, հյուրատնային, զբոսաշրջային ընկերությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բժշկական եւ կրթական հաստատությունների ղեկավարներ, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիների ցանցերի եւ նախաձեռնությունների ներկայացուցիչներ։ Խնդրանքի մաս էր կազմում նաեւ բազմաձայնության ապահովումը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ներկայությամբ ապահովեցին այդ բազմաձայնությունը։

Հանդիպումը կազմակերպել էինք համայնքի մակարդակով իրազեկմամբ՝ առավել արդյունավետ քննարկում ապահովելու նպատակով։ Փաստացի ցանկացած մարդ ազատ ելումուտ ուներ դահլիճ։ Հանդիպումը նախատեսել էինք նաեւ չլուսաբանվող եւ չտեսաձայնագրվող, սակայն իհարկե առանց բովանդակության մասին հանրային խոսելու սահմանափակման։

Հանդիպման նպատակն էր համայնքի բնակիչների ներկա եւ ներկայացուցչական հատվածին պատմել Կառավարության իրականացված եւ ձեռնարկվող քայլերը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ի շահ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների հանգուցալուծելու ուղղությամբ։ Հանդիպման նպատակն էր նաեւ լսել քաղաքացիների հարցերը եւ հնարավոր մտահոգությունները։

Հիշեցնենք նաեւ, որ հոկտեմբերի 27-ին եւ նոյեմբերի 14-ին մենք հանդիպել էինք նաեւ դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների մի խումբ բնակիչների հետ՝ նույնպես քննարկելու ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված եւ ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակելու լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։

Թեեւ ընդհանուր գծերով մեր խոսակցության բովանդակության մասին հանրությունը արդեն իսկ գիտի, այդ մասին հաջորդիվ կրկին մանրամասն կխոսենք։ Պարզապես այդ խոսակցության սիրտը իհարկե գտնվում է Ջերմուկ, Գնդեվազ եւ հարակից համայնքներում, եւ դրանով են պայմանավորված մեր ինտենսիվ շփումները համայնքի բնակիչների հետ։

«Լիցենզիայից զրկեք «Լիդիանին», պոստերից դուրս գանք». Մանրամասներ Ջերմուկում պատգամավորների հանդիպումից