Սահմանին դժվարությունների առաջացման ժամանակ միշտ քննադատում են մաքսային ծառայությանը, բայց հաճախ դա լինում է ենթակառուցվածքի խնդիրների պատճառով, եւ դրանց մի մասը կարելի է լուծել թվային տեխնոլոգիաների եւ «մեկ պատուհանի» համակարգի ներդրման միջոցով, ինչում Հայաստանը հաջողություններ ունի եւ տարածաշրջանում առաջատարն է մաքսային տվյալների ստանդարտացման ոլորտում։ Այս մասին «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովում նոյեմբերի 18-ին ասաց Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր տնօրեն Կունիո Միկուրիան։

Նրա խոսքով՝ թվային տեխնոլոգիաները հատկապես կարեւոր են այն երկրների համար, որոնք ծով ելք չունեն, այդ թվում եւ Հայաստանի համար, ինչպես առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, այնպես էլ ռիսկերի կառավարման առումով, ինչը գրանցվել է նաեւ միջազգային կոնվենցիաներում։ «Այս օրակարգը երեք ուղղություն ունի՝ տարբեր երկրների մաքսային ծառայությունների փոխգործակցություն, մաքսային ծառայությունների եւ այլ պետական գերատեսչությունների, մաքսային ծառայությունների եւ բիզնեսի փոխգործակցություն։ Փոխգործակցության թվայնացումը հատուկ նշանակություն ունի սահմանին պետության հսկիչ գործառույթների թեթեւացման տեսակետից, ինչն ապահովում է ապրանքների շարժի թափանցիկություն եւ կանխատեսելիություն»,- նշել է նա։