Ես միշտ այդ մտադրությունն ունեմ՝ Միքայել Հարությունյանին հրավիրել ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործող մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով այս պահին ՌԴ-ում է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:

«Այդ ուղղությամբ ես իմ մտահղացումները փորձում եմ դարձնել իրականություն: Միքայել Հարությունյանը պետք է վերադառնա այն երկիր, որտեղ եղել է պաշտպանության թիվ մեկ պաշտոնյան: Չի կարող ՀՀ պաշտպանության նախարար թեկուզ մեկ օր աշխատած մարդը թողնի երկիրը, հեռանա ու ոչ մի բացատրություն չտա: Օր առաջ Միքայել Հարությունյանն ու իր ընտանիքի անդամները պետք է գհիտակցեն, որ նա եղել է գլխավոր շտաբի պետը, նաեւ պաշտպանության նախարարը, եւ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի որոշումները չէ, որ պետք է նմրան դուրս մղեն մեր երկրի սահմաններից դուրս:

Ինքը պետք է վերադառնա եւ պատասխանի այն հարցերին, տա բացատրություն, թե գաղտնի 0038 հրամանը ոնց է ծնվել»,-ասաց նա: