Նոր Հաճնում շմոլ գազից 2 օր առաջ մահացած երեխաների դպրոցներում նրանց հիշատակի անկյուններ են բացվել, ուսուցիչներն ու աշակերտները սգում են կատարվածը:

«Երեխանը ինտելեկտով բավական բարձր էին, նկարելու տաղանդ ունեին, գեղեցիկ խոսում էին, լավ պատրաստված էին, ունեին իրենց երազանքները, իրենց աշխարհը: Սիրում էին մարդկանց, սիրում էին բոլորին, կյանքը, շատ պատասխանատու էին: Մենք շատ ենք սիրել նրանց: Ամեն Նոր տարվա, ամեն Զատիկի եղել են իմ պատվավոր հյուրերը»,-NEWS.am-ին պատմեց նրանց ուսուցիչներից Աիդա Պետրոսյանը:

Երեխաները, որ երկար տարիներ է ապրում էին ծնողներից առանձին, 77-ամյա տատիկի խնամակալության տակ, դպրոցի անձնակազմի կողմից ուշադրության կենտրոնում են եղել, տան կրտսեր տղան՝ 15-ամյա Տիգրանը, դպրոցի նախաձեռնությամբ նկարչության դասերի է հաճախել: Նրա ավագ եղբայրը՝ 16-ամյա Էդուարդը նույնպես արվեստի սիրահար է եղել, հայտնի մարդկանց դիմանկարներ է սիրել նկարել, երազել է բարձրագույն կրթություն ստանալու մասին: Նրա դասղեկի՝ Կարինե Մկրտչյանի խոսքով, բարձր առաջադիմություն է ունեցել, չնայած ինչ որ պահից անձնական խնդիրները խանգարել են ուսմանը:

«Եկավ մի պահ, որ կտրուկ ընկավ առաջադիմությունը, գրավոր աշխատանքները լավ էր, բայց բանավորը չէր հասցնում: Երբ հարցնում էի՝ պատճառն ինչ է,ասում էր՝ ընկեր Մկրտչյան , դուք տեղյակ չեք՝ իմ կյանքում ինչ խնդիրներ կան, ես ինչերի միջով եմ անցնում: Ինչքան էլ նրբորեն փորձել եմ խորանալ, հասկանալ, էդուարդը շատ հպարտ էր, կար անձնական տիրույթի մի սահման, որտեղ ոչ ոք չէր կարող ներս մտնել»,- պատմեց նա՝ նշելով, որ փորձել է անձամբ այցելել Էդուարդին տանը, զրուցել նրա հետ, բայց Էդուարդը թույլ չի տվել:

Երկու քույրերը՝ 14-ամյա Ժաննան եւ 12-ամյա Սերինեն, հանդես էին գալիս «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմում: Հայրն ու ազգությամբ ուկրաինացի մայրը լքել են Հայաստանը, երբ Սերինեն 3 տարեկան է եղել, նրանք ամուսնալուծված են, ապրում են Ուկրաինայում: Երեխաների խնամակալը՝ տատիկը, մանկավարժ է եղել, ունեն հորեղբայր, որը տատիկի հետ զբաղվել է երեխաների խնամքով: Վերջին երկու տարվա ընթացքում Տիգրանը եւ Ժաննան գիշերօթիկում են սովորել, այն փակվելուց հետո այս տարվա սեպտեմբերից Ժաննան վերադարձել է դպրոց, Տիգրանը՝ անցել աշխատանքի:

Երեխաների հայրը Արման Մարգարյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստան գալու ճանապարհին ձերբակալվել է ՌԴ միգրացիոն օրենքը խախտելու համար: Ռոստովում ՀՀ հյուպատոսությունն կապ է հաստատել ռուս իրավապահների հետ, նա վաղը կամ մյուս օրը կլինի Հայաստանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ նախնական տվյալների, երեխաները եւ նրանց տատը մահացել են շմոլ գազի արտահոսքից: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին: Ահազանգը ստացվել է ժամը 13:00-ի սահմանում: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի 3 մասի հականիշներով: